Վեդիի ԲԿ-ի նախկին տնօրեն. Ինձանից վրեժ են լուծում
Վեդիի բժշկական կենտրոնի՝ աշխատանքից ազատված տնօրեն, Արարատի մարզի գլխավոր վիրաբույժ Մելքոն Տալոյանը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ։ Նա դատարանից պահանջում է չեղյալ ճանաչել իրեն աշխատանքից հեռացնելու վերաբերյալ մարզի ղեկավարի որոշումը։
Panorama.am-ի հետ զրույցում Մելքոն Տալոյանն ասաց, այս պահին իր փաստաբանի հետ երկրորդ հայցն են պատրաստում մարզպետի դեմ, այս մեկը վերջնահաշվարկ կատարելու պահանջով է։
«Երկու ամիս առաջ աշխատանքից ազատել են, մինչ այս պահը վերջնահաշավարկ չեն կատարել։ Հղում են կատարում Բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը, իբր որակն են բարելավում։ Հաշվի չառան, թե ես ինչեր եմ արել յոթ տարվա ընթացքում, ծառայությունների որակի ինչպիսի փոփոխություններ են եղել»,-ասաց վիրաբույժը։
Ի դեպ, նա արդեն աշխատում է, հրավեր էր ստացել Երևանում գործող երկու կլինիկաներից։
Հիշեցնենք, ավելի վաղ մարզպետի որոշումը չեղյալ համարելու պահանջով դատարան դիմել էր Արտաշատի ԲԿ-ի նախկին ղեկավար Սոկրատ Հախվերդյանը։
Մելքոն Տալոյանը համարում է, իրեն մարզպետ Սարգսյանն ազատել է նորընտիր պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հոր՝ Ռազմիկ Թևոնյանի պատվերով։
«Նրան պատվիրել էր Երասխի գինու գործարանի տնօրենը՝ Թևոնյան Ռազմիկը։ Պատճառն ընդամենն այն է, որ 2012 և 2017 թվականների ընտրություններում աջակցել եմ ՀՅԴ-ին։ Համոզված եմ, որ վրեժ են լուծում»,-ասաց նա։
Մելքոն Տալոյանի խոսքով, Գարիկ Սարգսյանի՝ մարզպետ նշանակվելուց հետո ամիսներ շարունակ ԲԿ-ում տարբեր մարմինների կողմից ստուգումներ են իրականացվել։
«Եթե չարաշահումներ գտնեին, ես հիմա երևի ձերբակալված կլինեի։ Նախարարության ստուգումների հիման վրա մի գործ էին հարուցել, բայց ծիծաղելի էին հիմնավորումները։ Եթե այդպես լիներ, ապա ժպ նշանակված իմ տեղակալն էլ պիտի պատասխան տար։ Չարաշահում են համարել, որ աշխատանքային ժամերին գյուղերից 50 կանչ էինք սպասարկել, իբր իրավունք չունեինք։ Նոյեմբերից հետո էդ գործով մեզանից ոչ մեկին չեն լսել։ Չգիտեմ, կարող է դատի տալուց հետո վերաբացեն գործը կամ փորձեն ընթացք տալ դրան»,-ասաց ԲԿ-ի նախկին ղեկավարը։
Նա նկատեց, ոչ ինքը, ոչ Արտաշատի, ոչ Մասիսի բժշկական կենտրոնների՝ աշխատանքից ազատված ղեկավարները ՀՀԿ-ական չեն եղել։ Սոկրատ Հախվերդյանը դաշնակցական է, ինքը՝ նախկին դաշնակցական, 2008-ից՝ անկուսակցական։
«Հանրապետական կուսակցության անդամները հիմա իրենց տեղերում հեշտ ու հանգիստ աշխատում են։ Այնպես որ հռչակած հեղափոխության գաղափարները, որ ՀՀԿ-ի դեմ են պայքարում, մեր մարզի համար չեն։ Մեր մարզում նշանակվեցին աշխատանքի միայն այն մարդիկ, ովքեր Սարգսյան Գարիկի հարազատներն էին ու Թևոնյան Ռազմիկի երաշխավորածները, ուրիշ ոչ մեկ»,-ասաց նա։
Panorama.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործը հունվարի 17-ին մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Բալյանին։ Նիստերը կանցկացվեն Վեդիի դատարանում, նիստի օր դեռ չի նշանակվել։
Հարակից հրապարակումներ`
- Արտաշատի ԲԿ-ի՝ աշխատանքից ազատված տնօրենը դիմել է դատարան
- Արարատի մարզպետ. «Մասիս» ԲԿ-ի աշխատակիցներին կոչ եմ անում չտրվել սադրանքներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան