«Եղան մարդիկ, որոնք ցավագին ընդունեցին»
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ամբիոնների վարիչներն իրենց դիմումների համաձայն ազատվել են պաշտոններից։ Նրանք շարունակում են աշխատել բուհում՝ որպես դասախոսներ։ Panorama.am-ին այս մասին ասաց կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը՝ պատասխանելով մեր հարցին, արդյո՞ք իր նշանակումից հետո բուհում եղել են կրճատումներ։
«Կրճատումներ չեն, ուղղակի պաշտոնի փոփոխություններ են։ 20-30 տարուց ավելի ամբիոնի վարիչ են եղել, ինչը ստուգումների արդյունքում մեզ մոտ արձանագրվել է որպես բացասական երևույթ»,- նշեց նա։
Ս. Հովհաննիսյանի խոսքով, ամբիոնի վարիչների պաշտոնավարումը նախկին ռեկտորի հայեցողությամբ բազմաթիվ տարիներ երկարաձգվել է։
«Ոչ միայն մեր ստուգումների արդյունքում, նաև հավատարմագրման պրոցեսի, նշվել է, որ այդ հանգամանքը՝ ամբիոնների վարիչների երկարամյա պաշտոնավարման, մեզ մոտ առկա է։ Այնուհետև աուդիտ է անցկացվել, նույն կետով պարտավորվել ենք վերանայել մեր դիրքորոշումները»,- նշեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։
Նա ընդգծեց, որ որևէ մեկին չի հեռացրել աշխատանքից, նրանց ներկայացրել է երկու արդյունքները, նրանք էլ դիմումներ են գրել՝ ազատվելով ամբիոնի վարիչների պաշտոնից։ Ս. Հովհաննիսյանն ասաց, որ նրանք բոլորը հարգանքի արժանի մասնագետներ են, շնորհակալություն է հայտնել, նաև լրավճար է սահմանել նրանց. «Իբրև դասախոսներ շարունակում են դասավանդել, բայց այլևս ամբիոնի վարիչներ չեն»։
Նա ասաց, որ բուհի կանոնադրության համաձայն, ամբիոնի վարիչ կարող են նշանակվել Կոնսերվատորիայում առնվազն 10 տարվա աշխատած, գիտական որևէ կարգավիճակ ունեցող մասնագետ։
«Այդ իրավական հիմքերից ելնելով՝ նշանակել եմ պաշտոնակատարներ, հետո պետք է հայտարարվի մրցույթ, յուրաքանչյուր ամբիոն առաջադրի իր թեկնածուն կամ մարդիկ ինքնառաջադրվեն, որոնք կարող են լիիրավ փոխել իմ առաջադրած թեկնածուին։
Միայն մեկը չի փոխվել, որովհետև չկար մեկը, որ կարող էի նրա փոխարեն նշանակել։ Մի ամբոինի վարիչ էլ մնացել է, դիմում չի ներկայացրել։ Դա էլ վկայում այն մասին, որ ես չեմ ասել դիմում գրել»,- նշեց Ս. Հովհաննիսյանը։
Նաև ասաց, որ եղել են ամբիոնի վարիչներ, ովքեր հանգիստ են ընդունել այդ ամենը, եղել են, ովքեր ծանր։
«Եղան մարդիկ, որոնք ցավագին ընդունեցին։ Իրենց համար անբնական ու վիրավորական է, ասում են՝ վատ ենք աշխատո՞ւմ։ Վատի կամ լավի արդյունք չէ։ Յուրաքանչյուր պաշտոն ՝ փոքր կամ մեծ, որոշ ժամանակ ունի գործավարելու։ Ասում են՝ ստեղծագործական բուհ է, այստեղ պետք են այլ չափանիշներ, մենք վարպետներ ենք։ Այո, դուք վարպետներ եք, հարգարժան մարդիկ եք, մեր հասարակության համար շատ կարևոր մարդիկ եք, բայց այս պրոցեսները բնականոն վիճակում չեն»,- հավելեց կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։
Նա ասաց, որ բուհում եղել են նաև կառուցվածքային փոփոխությունների. եղել են նույն մասնագիտությամբ երկու ամբիոն, դրանք միավորվել են, ամբիոններից մեկի վարիչն իր դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից։ Ս. Հովհաննիսյանի խոսքով, պռոռեկտոր Մհեր Նավոյանը նույնպես ազատվել է իր դիմումի համաձայն այդ պաշտոնից։
Ազատված ամբիոնի վարիչներից է Երաժշտության տեսության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանը։
«Իհարկե, ժամանակ առ ժամանակ պետք է քաղաքականությունը վերանայվի, ամեն տեղ ընդունված է՝ երկու ժամկետից հետո պետք է տեղը զիջվի, ուրիշ մարդ գա աշխատելու։ Դա ճիշտ է, բայց ամբողջ խնդիրն այն է, թե ով է գալիս։ Դրսի կադրերը, որոնք առաջարկվում են, ոչ փորձ ունեն ղեկավարելու, ոչ գիտեն ավանդույթների արժեքը, ինչպես պետք է ամեն ինչ շարունակվի։ Յուրաքանչյուր տուն ապրելու իր կանոններն ունի, ենթարկվելով ամբողջ երկրի կամ քաղաքի կանոններին, նաև իր կանոններն ունի, դրա համար հարկավոր են ունակ մարդիկ»,-Panorama.am-ի հետ զրույցում ներկայացրեց Ռ.Ամիրխանյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան