Մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանին Հայաստանը կմասնակցի պատվիրակության նոր կազմով
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային ու տարվա առաջին նստաշրջանը, որը կանցկացվի հունվարի 21-ից 25-ը։
ԵԽԽՎ-ում ՀՀ-ն ներկայանում է նոր պատվիրակությամբ, որը ղեկավարում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Պատվիրակության կազմում որպես հիմնական անդամներ ընդգրկված են նաև Հովհաննես Իգիթյանը («Իմ քայլը»), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) և Էդմոն Մարուքյանը (ԼՀԿ): Որպես փոխարինող անդամներ պատվիրակության կազմում կլինեն Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլը»), Սոս Ավետիսյանը («Իմ քայլը»), Տաթև Հայրապետյանը («Իմ քայլը») և Միքայել Մելքումյանը (ԲՀԿ):
ԵԽԽՎ նստաշրջանի մեկնարկային օրը վեհաժողովում կքննարկվի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որը կներկայացնի ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը։
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հանդես կգա Ֆինլանդիայի նախագահը, Ֆինլանդիայի ԱԳ նախարարն էլ, որպես ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող, կներկայացնի նախարարների կոմիտեի գործունեությունը։
Վեհաժողովը համատեղ քննարկում կանցկացնի հանրային լրատվամիջոցների վերաբերյալ՝ ապատեղեկատվության, քարոզչության համատեքստում և մամուլի ազատությունը՝ որպես ժողովրդավարական ընտրությունների նախապայման թեմաներով։ Քննարկվելու է նաև ինտերնետի կառավարման ու մարդու իրավունքների խնդիրները։
ԵԽԽՎ-ն կանդրադառնա նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային Շարիայի կանոնների համապատասխանությանը, ազգային փոքրամասնություններին պատկանող մարդկանց իրավունքների խթանումը։ Երկրորդ համատեղ քննարկումը կլինի զբաղվածության մատչելիության և հաշմանդամության ունեցողների համար ներառական աշխատավայրերի անհրաժեշտության խնդիրների վերաբերյալ։
Որպես հրատապ քննարկման թեմաներ առաջարկվել են «Ռուսաստանի բաց ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի» և «Ընդդիմադիր քաղաքական գործիչների վատթարացող իրավիճակը Թուրքիայում․ ինչ անել նրանց հիմնարար իրավունքների պաշտպանության համար»։ Իսկ թե առաջարկված թեմաներից որը կընդգրկվի օրակարգում, կորոշվի նստաշրջանի բացմանը։
Այսօր վեհաժողովում տեղի կունենա նաև #NotInMyParliament կամ «Ոչ իմ խորհրդարանում» ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեի նախաձեռնությունից հետո միջոցառում, որի նպատակն է քայլեր ձեռնարկել ազգային խորհրդարաններում՝ սեքսիզմի, սեռական ոտնձգությունների ու կանանց նկատմամբ բռնության վերացման ուղղությամբ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան