«Նաիրի ինշուրանս». ՊԵԿ աշխատակիցներն այս ընթացքում որևէ անգամ չեն այցելել ընկերություն ստուգումներ իրականացնելու նպատակով
Այսօր ՊԵԿ-ի կողմից հրապարակված հաղորդագրության համաձայն «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ին վերագրվել են առանձնապես խոշոր չափերի՝ 200 մլն դրամի հարկերի չվճարման ենթադրյալ չարաշահումներ, որի մասին Ընկերությունը տեղեկացվել է մամուլից:
ՊԵԿ-ի կողմից հաղորդագրություն տարածելուց հետո ընկերությունն արձագանքել է.
«Պաշտոնապես հայտնում ենք, որ ՊԵԿ աշխատակիցներն այս ընթացքում որևէ անգամ չեն այցելել «Նաիրի ինշուրանս» ԱՍՊԸ ստուգումներ իրականացնելու նպատակով և անհասկանալի է, թե ինչ չարաշահումների և նախնական հաշվարկների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրության մեջ և ինչ փաստերի վրա է հիմնված տվյալ հայտարարությունը:
Բավարար հիմքեր ունենք պնդելու, որ ՊԵԿ նման վարքագիծը բացառապես միտված է արատավորելու «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ գործարար համբավն ու հեղինակությունը, ուստի կոչ ենք անում ձեռնպահ մնալ ՊԵԿ կողմից տարածվող վստահություն չներշնչող հաղորդագրությունները հրապարակելուց և ցանկացած այլ միջոցներով տարածելուց:
Միաժամանակ, Ընկերությունը ձեռնարկելու է օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներն իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար, բացառելու՝ ընկերության գործարար բարի համբավն արատավորող ցանկացած փորձ և պատասխանատվության ենթարկելու նմանօրինակ դեպքերի մեղավորներին օրենքի ողջ խստությամբ:
ՊԵԿ-ից հայտնել էին, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: