«Հայկական մշակույթի շաբաթ»՝ Կիևում
Ուկրաինայի մայրաքաղաքում «Հայկական մշակույթի շաբաթվա» շրջանակում անցկացվում են Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին, Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին և Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումներ։ AnalitikaUA.net-ի հաղորդմամբ, հունվարի 19-25-ը Կիևում կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում մշակույթի, գեղանկարչության, երաժշտության, կինոյի և պոեզիայի սիրահարների շրջանում։
Կազմակերպիչները հայտնել են, որ հայ գործիչների ստեղծագործությունները ներկայացված են Օշեր Շվարցմանի անվան և Ժողովուրդների բարեկամության գրադարաններում, նաև Կինոյի տանը: Միջոցառումների ծրագիրում են՝ համերգներ, ցուցահանդեսներ, վարպետաց դասեր, գրական-երաժշտական երեկոներ ու կինոդիտումներ՝ նվիրված հայկական մշակույթի ակնառու գործիչներին:
«ԱՕԿՍ-Ուկրաինա» Մշակութային կապերի հայկական միության ղեկավար Ելենա Հովհաննիսյանը նշել է, որ միջոցառումների կազմակերպիչներն են «ԱՕԿՍ-Ուկրաինա» Մշակութային կապերի հայկական միությունը, Parajanov-ART-ը, Կիևում Պոդոլսկի շրջանի պետական վարչակազմը, Կիևի հրեական համայնքի ստեղծագործական նախաձեռնությունների կենտրոնը: