ԱԺ-ում որոշ պատգամավորներ հայտնվել են իսկապես պատահական. քաղաքագետ
«Ուշադրությունը, որն այժմ կա ԱԺ-ի նկատմամբ, պայմանավորված է այն գերսպասումներով, որ ձևավորել են հենց իշխանությունները։ 7-8 ամիս առաջ, երբ կառավարությունը նոր էր ձևավորվել, այն ժամանակ էլ բավական ուշադիր էինք և լայվ ռեժիմով դիտում էինք կառավարության նիստերը։ Հետո ամեն ինչ աստիճանաբար հունի մեջ մտավ։ Կարծում եմ՝ հիմա նույն է լինելու ԱԺ-ի պարագայում»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով, յոթերորդ գումարման խորհրդարանը բազմաշերտ է. «Մի շերտն, ինչպես իրենք են իրենց անվանում, անփորձ, բայց ոչ կաշառակեր և գանձագող զանգվածն է։ Երկրորդ շերտում մի քանի անգամ վերընտրված պատգամավորներն են, և կան նույնիսկ մարդիկ, որոնք հայտնի են իննսունականներից՝ ՀՀՇ-ի քվոտայով։ Նրանք այժմ էլ ասոցացվում են Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Ինչ վերաբերում է քաղաքական մեծամասնությանը, ապա կան պատգամավորներ, որնց կրթական ցենզը կասկած չի հարուցում։ Այս առումով ներկայիս խորհրդարանը տարբերվում է նախորդից։ Բայց մեկ բան է լինել մասնագետ և մասնագիտանալ հենց կոնկրետ ոլորտում, մեկ այլ բան, երբ դեպքերի բերումով հայտնվում ես քաղաքականության մեջ։ Իսկ յոթերորդ գումարման ԱԺ-ում որոշ պատգամավորներ հայտնվել են իսկապես պատահական, հանգամանքների բերումով։ Նրանք պետք է հասկանան, որ քաղաքականությունը յուրահատուկ ստարտափ է, որին պետք է սովորեն շատ արագ։ Այժմ նրանք չունեն Նիկոլ Փաշինյանի նախկին քարտ բլանշը։ Փաշինյանը ևս զգում է դա և կոչ անում բոլոր հեղափոխականներին մասնակից լինել նաև տնտեսական հեղափոխությանը»։
Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ առաջիկայում պատգամավորների քաղաքական ելույթներում անխուսափելիորեն կիքսեր են լինելու։
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, ապա, Վիգեն Հակոբյանի խոսքով, ոչ ԲՀԿ-ն, ոչ ԼՀԿ-ն առայժմ չեն կարող իրենց թույլ տալ թիրախ ընտրել «Իմ քայլին» և թիրախավորել են իրար։
Ըստ նրա, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ուզում է ընդամենն ամրագրել դեկտեմբերի 9-ին ձեռք բերած իր դիրքերը, և բնական է, որ եթե ԼՀԿ-ն վիճարկում է այդ դերը, շարունակելու է դիմադրել նրան. «Քաղաքականության մեջ հռետորաբանությունն ու շոուն շատ կարևոր է»։
Վիգեն Հակոբյանը միաժամանակ չբացառեց, որ «Իմ քայլում» առաջիկայում կարող են լինել խմորումներ, քանի որ քաղաքական այդ ուժը բավական տարբեր մարդկանց է համախմբել։
Ինչ վերաբերում է կառավարությանը, քաղաքագետը հիշեցրեց, որ այն երկու երրորդով արդեն իսկ նշանակված է։ Սա, նրա համոզմամբ, թերևս ավելի կարևոր հանգամանք է, որը ցույց է տալիս, որ կադրային մոտեցումներում լուրջ փոփոխություններ չկան։
«Ես լավատես չեմ։ Եթե խորհրդարանի պարագայում կարելի է սպասել, կառավարությունը նման քարտ բլանշ չունի։ Հարյուրօրյա կարանտին նրանք չունեն, սա փաստացի նույն կառավարությունն է, որը յոթ-ութ ամիս աշխատել է։ Շատ կարևոր է, թե որքանով է կառավարությունն արդյունավետ լինելու։ Այս պահի դրությամբ գործադիրի գործելաոճը հստակ չի ուրվագծվում։ Եթե դու չես կարողանում թվերով բացատրել՝ ինչու են նախարարություններ կրճատվում, այդ պարագայում հասարակությունը դա ընկալում է որպես բյուջեի ծախսերի կրճատում, ոչ թե ստրատեգիական քայլ»,- ասաց նա։
Վիգեն Հակոբյանը շեշտեց, որ իր դիտարկմամբ վերջին շրջանում բավական թուլացել է ԱԳՆ-ի դերը, քանի որ տպավորություն կա, որ արտաքին քաղաքական որոշումներն ընդունվում են վարչապետի կաբինետում։