Պարզվել է, Արտաշատում շաուրմայից թունավորման պատճառը
Արտաշատում տասը մարդու հոսպիտալացման պատճառ դարձած շաուրմայի լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ դրա լցոնման համար նախատեսված կաղամբով աղցանում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ), եշերիխիա կոլի և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով:
ՍԱՊԾ մամուլի ծառայությունից հայտնում են՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել հիշյալ հանրային սննդի կետում և, թունավորման պատճառը պարզելու նպատակով, նմուշներ վերցրել այնտեղ առկա` շաուրմայի լցոնման համար նախատեսված հավի մսից, մայոնեզից, կետչուպից և բանջարեղենային աղցանից: Առկա են եղել նաև խմորասնկեր և բորբոսասնկեր:
Ըստ աղբյուրի, «ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետի աշխատակիցներից երկուսը չեն անցել նախնական և պարբերական բժշկական զննություն և չեն ունեցել սանիտարական գրքույկներ:
Սննդի կետի աշխատանքը դադարեցված է:
Հիշեցնենք, որ օրերս սննդային թունավորման կասկածանքով Արտաշատի բժշկական կենտրոն էին տեղափոխվել 10 քաղաքացի, որոնց հետ զրույցից պարզվել էր, որ վերջիններս սկսել են վատ զգալ Արտաշատի «ԱԳԱ ֆուդ կորտ» հանրային սննդի կետից պատվիրված հավի շաուրմա ուտելուց հետո: