ԵԽԽՎ-ն քննարկում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման արդյունքները
Այսօր՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի առաջին օրը, վեհաժողովը քննարկում է 2018թ․-ի դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը։ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը ՀՀ ԱԺ ընտրություններում գլխավորում էր Ալեքսանդր Պաչիերը։
Փաստաթղթում ներկայացվում է Հայաստանի քաղաքական իրավիճակը, ընտրական համակարգը, թեկնածուների գրացումը, ընտրողների ցանկը, քվեարկության ու հաշվարկի գործընթացը, ԱԺ անցած կուսակցություններին։
Դիտորդական առաքելության եզրակացություններում, ինչպես ներկայացրեց Ալեքսանդր Պաչիերը, ասվում է, որ Հայաստանում ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների ապահովմամբ ու վայելել է հասարակության լայն վստահությունը, որը պետք է պահպանել՝ ընտրական բարեփոխումների միջոցով։ Եղել է քաղաքական բանավեճ, ներառյալ ԶԼՄ-ներով, որը նպաստել է ակտիվ քարոզարշավին, թեև առցանց բորբոքող հռետորաբանությունը մտահոգիչ է եղել։ Ընդհանուր առմամբ չեն եղել ընտրախախտումներ՝ ներառյալ ձայների գնումն ու ընտրողների նկատմամբ ճնշումները։ Մտահոգություններ եղել են քարոզարշավի ֆինանսավորման թափանցիկության հետ կապված, որոշ գործիչներ հաստատել են, որ ուղղակիորեն ֆինանսավորել են իրենց քարոզարշավները, որը շրջանցում է կուսակցությունների պաշտոնական քարոզչական միջոցները, որը հակասում է օրենքին։
Նշվում է, որ լրատվական դաշտը բազմազան էր ու խոսքի ազատությունը հարգված, որը երաշխավորված է Սահմանադրությամբ։ Հեռուստատեսությունը քաղաքական տեղեկատվության աղբյուր է, սակայն առցանց մեդիայի ու սոցիալական ցանցերի օգտագործումը նշանակալի է։ Առաջին անգամ Հայաստանում տեղի է ունեցել քաղաքական դեբատ թեկնածուների հետ, որը տևել է մոտ 3 ժամ։
ԵԽԽՎ-ն, Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ, պատրաստակամություն է հայտնում համագործակցել Հայաստանի ընտրված ներկայացուցիչների հետ՝ սկսելու իրավական բարեփոխումներ՝ երկրում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը կոնսոլիդացնելու համար։