Բյուջեի հաշվին նման շռայլ պարգևավճարները, այն էլ այդքան կարճ ժամանակ աշխատելով, ընդունելի չէ. Սամսոնյան
«Եթե հիշում եք, երբ Երևանի քաղաքապետարանում քննարկվում էր պարգևատրումների համար բյուջեի ավելացումը, մենք ասում էինք, որ դա վատ պրակտիկա է, պետք է ավելացնեն աշխատավարձը, և սա սկզբունքային հարց է։ Այն կարգադրությունները, որ ընդունել են մարզպետները, անընդունելի են՝ հատկապես հաշվի առնելով նրանց աշխատած ժամանակը` 7 ամիս, 2 ամիս և այլն»,- այսօր խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով մարզպետների` իրենք իրենց պարգևատրելու մասին հրապարակումներին։
Նրա դիտարկմամբ՝ հանրային պաշտոնյաները չէին կարող ստանալ այդպիսի բարձր դրույքաչափերով պարգևավճարներ. «Սա խոսում է այն մասին, որ Երևանի քաղաքապետ Մարությանն օրենքի խախտումով հրաժարվում է քաղաքապետարանում տրված պարգևատրումները հրապարակել` պնդելով, որ երբեք չի հրապարակվել, և մենք ապացուցեցինք, որ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, և որ նման քայլը փախուստ է, որ չտեսնենք՝ ովքեր, ինչ պաշտոնյաներ ինչ դրույքաչափերով են պարգևավճարներ ստացել»։
Սամսոնյանը հույս հայտնեց, որ այս աղմուկից հետո մարզպետները կվերանայեն իրենց մոտեցումները:
«Բյուջեի հաշվին նման շռայլ պարգևավճարները, այն էլ այդքան կարճ ժամանակ աշխատելով, ընդունելի չէ»։
Խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ հավելեց. «Իշխող մեծամասնությունը փորձում է սա արդարացնել, որ հիմա կոռուպցիա չկա, աշխատավարձը ցածր է, և դրա համար է այսպես արվում: Ժամանակին մեր խմբակցությունը քաղաքապետարանում առաջարկում էր աշխատավարձերը բարձրացնել, թե չէ կամայական կլինի՝ ում պարգևավճարներ տան, և սա կոռուպցիոն դաշտ է ստեղծում»։
Ինչ վերաբերում է ուժային կառույցների նկատմամբ վերահսկողությանը՝ Սամսոնյանն ասաց. «Ինչ թույլատրելի չէր ՀՀԿ-ի համար, չի կարող թույլատրելի լինել «Իմ քայլի» համար, ինչը թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար։ Քաղաքականության դաշտ գալով՝ այդ կառույցները չեն քաղաքականացվում»։
Գևորգ Գորգիսյանն էլ հիշեցրեց այժմ ԱԺ փոխնախագահ Արարատ Միրզոյանի արտահայտած կարծիքը մեկ տարի առաջ. «Արարատ Միրզոյանի բառերով մեջբերեմ՝ «Եթե այդ ուժային կառույցները խորհրդարանի վերահողությանը չեն ենթարկվելու, չեն գալու ԱԺ, դրանք կարող են քաղաքական նպատակներով օգտագործվել վարչապետի կողմից՝ ճնշելու ընդդիմությանը»: Հիմա չենք կարող երաշխիքներ ունենալ, որ նոր կառավարությանը դա չի անի»։ «Ելք» խմբակցության ղեկավար եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ դեմ էր, որ այդ կառույցները վարչապետին ենթարկվեն, քանի որ դա սուպերվարչապետության մի մաս էր ընկալվում»։
ԼՀԿ քարտուղարի կարծիքով, եթե այդ կառույցները դուրս են խորհրդարանական վերահսկողությունից, ապա դրանց ղեկավարները պարտավոր չեն ներկայանալ ԱԺ, պատասխանել պատգամավորների հարցերին. «Պատասխանատվությունն այս դեպքում վարչապետի վրա է ընկնում, ինչը շատ վատ է: Նախորդ վարչապետի, նորի դեպքում էլ մեր թիրախավորումը անձի վրա չի կառուցված, այլ՝ համակարգի»։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլը»-ում մարզպետների պարգևավճարների մասին հարցը չեն քննարկել
- Պետրոսյանի կարծիքով՝ կասկածելի է պարգևատրման հիմք հանդիսացած հանգամանքների առկայությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան