1920-ականների գերմանական կինոն՝ Երևանում
Հունվար-փետրվար ամիսներին երևանյան հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնեն 1920-ական թվականների գերմանական կինոյին նվիրված հատուկ ծրագիր: Կինոցուցադրությունները կազմակերպում են «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն և Երևանի «Գյոթե» կենտրոնը։
Համաշխարհային կինոյի գերմանացի մեծագույն վարպետների 5 լիամետրաժ և մի շարք կարճամետրաժ գլուխգործոցները կցուցադրվեն հունվարի 23-ից փետրվարի 27-ը՝ յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժամը 19:30-ին, Երևանի «Գյոթե» կենտրոնում (Մհեր Մկրտչյան 1):
Կազմակերպիչները նշում են, որ հանդիսատեսը բացառիկ հնարավորություն կունենա դիտել ֆիլմեր, որոնք հատուկ այս առիթով թարգմանվել են հայերեն: Այս կինոնկարները մեծապես ազդել են կինոարվեստի հետագա զարգացման ու կայացման վրա և առայսօր պահպանում են իրենց ցնցող ազդեցությունը: Սա շատ բազմազան ծրագիր է, որի մեջ ընդգրկված են դրամա և մելոդրամա, լրտեսական մարտաֆիլմ, սարսափ-ֆիլմ, էքսպերիմենտալ ու վավերագրական ֆիլմեր:
Յուրաքանչյուր ցուցադրությունից առաջ ներածական խոսքով հանդես կգա «Ֆիլմադարան» ՀԿ-ի տնօրեն, կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը:
Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:
Կցուցադրվեն հետևյալ ֆիլմերը՝ հունվարի 23-ին «Բժիշկ Կալիգարիի աշխատասենյակը» ( ռեժ.՝ Ռոբերտ Վինե, 1920թ.), հունվարի 30-ին՝ «Վերջին մարդը» (ռեժ.՝ Ֆրիդրիխ Վիլհելմ Մուռնաու, 1924թ.), փետրվարի 6-ին՝ «Լրտեսներ» (ռեժ.՝ Ֆրից Լանգ, 1928թ.), փետրվարի 13-ին՝ «Պանդորայի տուփը» (ռեժ.՝ Գեորգ Վիլհելմ Փաբսթ, 1929թ.), փետրվարի 20-ին կցուցադրվեն գերմանական ավանգարդի կարճ ֆիլմերը (Վալթեր Ռութման/ Հանս Րիխթեր/ Վիկինգ Էգելինգ/ Օսկար Ֆիշինգեր, 1920-ական թթ.), փետրվարի 27-ին՝ «Բեռլին՝ մեծ քաղաքի սիմֆոնիան» (ռեժ.՝ Վալթեր Ռութման, 1927թ.):
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան