Հացի խնդիր. ինչպես վստահ լինել, որ քեզ չեն խաբում
Սպառողը երբեք վստահ չի լինում, որ իր գնած հացը կշռում է այնքան, որքան մակնշվում է: Բացի այդ, հացի քաշը միշտ չէ, որ մակնշված է: Խոսքը վերաբերում է չփաթեթավորված հացին, որի գնապիտակի վրա պարտադիր պետք է նշվի մեկ միավոր հացի քաշը և դրա շեղումների թույլատրելի չափը: Մինչդեռ իրացման ցանցերում հիմնականում բացակայում է առանց փաթեթավորման հացի քաշի մասին տեղեկությունը:
Վերջին շրջանում հատկապես շատ են բողոքները, որը հացի գները մնացել են նույնը, իսկ քաշը, կարծես թե, նվազել է, այսպիսով խուսափելով գին բարձրացնելուց՝ մոլորեցնում են սպառողին: Այս մասին բարձրաձայնում են նաև սոցիալական ցանցերում: Պետք է նաև փաստել, որ արդեն իսկ նկատվում է հացի գնի բարձրացում: Panorama.am-ի հարցումները փաստում են, որ հացի որոշ տեսակների գներ թանկացել են 10 դրամով:
Միևնույն ժամանակ պետք է նկատեք, որ վերջին շրջանում բարձրացել են ալյուրի գները: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ալյուրի շուկայում կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2018 թվականի դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, արձանագրվել է տեղական արտադրության ալյուրի բոլոր տեսակների մեծածախ վաճառքի գների բարձրացում:
Ըստ Հանձնաժողովի դիտանցումների, 1 տոննա բարձր կարգի ալյուրի վաճառքի գինը 213 հազար դրամից դարձել է 223 հազար դրամ, 1 տոննա 1-ին կարգի ալյուրի վաճառքի գինը՝ 194 հազարից 204 հազար դրամ և 1 տոննա 2-րդ կարգի ալյուրի վաճառքի գինը 145 հազար դրամից դարձել է 155 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, տեղական արտադրության ալյուրի բոլոր տեսակների մեծածախ վաճառքի գները 2018 թվականի դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ բարձրացել են 10 դրամով՝ 1 կիլոգրամի հաշվով:
2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ցորենի ձեռքբերման փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ ընկերությունները սեպտեմբերին 1 տոննա ցորենի ձեռքբերման համար վճարել են միջինը 9 500 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի), իսկ 2018 թվականի դեկտեմբերին՝ մինչև 13 900 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի): Քանի որ մեր երկիր ցորենը հիմնականում ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, ապա Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև ՌԴ շուկայում ցորենի մեծածախ վաճառքի գները, որտեղ ևս 2018 թվականի ընթացքում արձանագրվել է ցորենի վաճառքի գների շարունակական աճ: Այսպիսով, 2018 թվականի հունվարին 1 տոննա ցորենի արժեքը կազմել է միջինում 8 750 ռուբլի, իսկ 2018 թվականի դեկտեմբերին՝ 13 000 ռուբլի, ինչը նշանակում է, որ տարվա ընթացքում ցորենի մեծածախ վաճառքի գները բարձրացել են մինչև 4 250 ռուբլով կամ 48.5%-ով:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ, Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ վերջին շրջանում հացամթերքի, բուլկեղենի շուկայում իսկապես նկատվում են գնային փոփոխություններ, որոշ բուլկիներ թանկացել են 10 դրամով, շատերը դա հիմնավորում են նրանով, որ ալյուրի շուկայում տեղի է ունեցել թանկացում. «Այո, ալյուրը թանկացել է: Մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ ալյուրի գնի փոփոխություն, իսկ 2018թ-ի դեկտեմբերի սկզբին մեկ պարկ ալյուրը թանկացավ ևս 500 դրամով»:
Անդրադառնալով հացի քաշին՝ նշեց, որ իրացման շուկայում դա լուրջ խնդիր է, քանի որ այն հացը, որը փաթեթավորված չէ, ինչն օրենքը չի արգելում, պետք է ունենա համապատասխան տեղեկատվություն՝ ինչ տեսակի ալյուրից են պատրաստված, որքան է քաշը, ինչպես նաև պետք է նշված լինի արտադրության և պիտանելիության ժամկետը:
«Այս տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի, մինչդեռ չկա: Սա համակարգային խնդիր է, երբ մակնշումը բացակայում է: Դրա համար քաղաքացիները չեն կարողանում հասկանալ՝ խաբված են, թե՞ ոչ: Վիզուալ փոփոխությունը՝ կապված չափսի հետ, բերում է նրան, որ քաղաքացու մոտ լինելու է տպավորություն, թե հացի թերկշռում կա»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքով՝ հացի չափը կապված է դրա թթխմորի հասունացման աստիճանից ու թխման ջերմաստիճանից: Ըստ նրա՝ կախված այն բանից, թե խմորի հասունացման պրոցեսն ինչպես է ընթանում, նույն չափի, գրամի հացը ծավալային տեսանկյունից կարող է տարբերվել: Բաբկեն Պիպոյանը միաժամանակ նշեց, որ ուղղակի մեկ հատ հաց կշռելով չեն կարող ասել, որ քաշը նվազել է:
Ըստ նրա՝ կա հացի քաշը ստուգելու մեթոդաբանություն, որի համաձայն՝ հացի իրական քաշը հաշվարկելու համար վերցնում են նույն խմբաքանակի 5-10 հաց, միասին կշռում են ու ստացված ցուցանիշը բաժանում հացերի քանակի վրա. «Այսինքն՝ մի հացը կարող է մի քանի գրամ ավելի կամ պակաս լինի, այս հաշվարկով ավել-պակաս քաշերը իրար կոմպենսացնում են»:
Նա նաև նշեց՝ իրենց վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հացի շուկայում թերկշռման հետ կապված լուրջ խնդիրներ չկան, այդուհանդերձ չի բացառում, որ որոշ արտադրողների մոտ խնդիրներ կլինեն: Ըստ նրա՝ իրենց հասարակական կազմակերպությունը չունի այնքան հնարավորություններ, որ հացամթերքի ամբողջ շուկան ստուգի, ուստի չի բացառվում, որ չարաշահումներ նկատվեն: Նա կոչ է անում սպառողներին նման խնդրի բախվելիս ահազանգել՝ հասկանալու համար կոնկրետ արտադրողի մոտ խնդիր կա, թե ոչ:
Ինչ վերաբերում է հացի շուկայի վերահսկողությանը, Բաբկեն Պիպոյանն ասաց, որ հացամթերքի մակնշման, ապահովման հարցով զբաղվում է ՍԱՊԾ-ն, իսկ մրցակցային չարաշահման մասով ՏՄՊՊՀ-ն, քանի որ անկախ նրանից՝ բիզնեսը մեծ է, թե միջին, մոլորեցումը անբարեխիղճ մրցակցության գործոն է, ինչը պատժելի է մրցակցային մարմնի կողմից:
«Սա այն խախտումն է, որը շահույթի հետապնդման նպատակով է իրականացվում: Կարծում եմ, որ այստեղ սխալ մակնշման համար նախատեսվող 300 հազար դրամ տուգանքի կիրառումը չի կարող լինել արդյունավետ գործիք: Այդ իսկ պատճառով պետք է տուգանքը կիրառել անբարեխիղճ մրցակցության դրսևորման, մասնավորապես սպառողներին մոլորեցնելու համար»,- ասաց Բաբկեն Պիպոյանը: