Սխալ եմ համարում մասնագիտական խորհրդի նախագահ նշանակել գրագող մարդուն. Խուդոյան
«Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) վերջերս բավական վճռական քայլեր արեց, որոնք մեծամասամբ ողջունելի են։ Այն նախ շատ ուժեղ պայքար սկսեց գրագողության դեմ։ Գիտությունն այսօր մեռած է, արտագրում, պաշտպանում են»,-այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը։
Նրա խոսքով, գրագողությունը բավարար հիմք է՝ հանդեսը ԲՈՀ-ի ցուցակի մեջ չընդգրկելու։
«Դուք թույլ եք տալիս, որ ձեր հանդեսներում գրագողություն տպվի, հետո էլ ուզում եք մտնել ԲՈՀ-ի ցուցակի մե՞ջ։ Գրագողության դեմ պայքարը կանոնադրական կետերից մեկն է։ Միայն թե խաղի կանոնների մասին պետք է զգուշացվեին, որոշակի ժամանակ տրվեր վերափոխվելու համար, նոր պարբերաբար ստուգվեին։ Բացարձակ սխալ եմ համարում ԲՈԿ-ի պաշտպանական մասնագիտական խորհրդի նախագահ նշանակել գրագող մարդուն։ Սա տվյալ ոլորտի ամենահեղինակավոր մասնագետը պետք է լինի՝ հարգանքի արժանի։ Ես սա ամենասխալն եմ համարում։ Վարչապետին էլ եմ գրել, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց նա՝ անդրադառնալով Հրանտ Ավանեսյանի նշանակմանը։
Ասուլիսին ներկա ակադեմիկոս Պավել Ավետիսյանը իր հերթին նշեց, որ գրագողությունն ավերում է գիտության տունը։
«Շատ կարևոր է, որ ատենախոսությունները, մենագրություններն ու հոդվածները գիտական հետազոտության արդյունք լինեն, մինչդեռ հայաստանյան իրականաության մեջ դա այդպես չէ։ Ցանկացած աշխատանք պետք է անպայմանորեն գրախոսվի։ Մենք հասել ենք մի այնպիսի սահմանագծի, թե պետք է հարց ուղղել՝ մեր հոդվածագիրները գիտե՞ն՝ ինչ է հոդվածը։ Մարդիկ տասնյակ էջեր արտագրում են և չեն հասկանում, որ պետք է գոնե հղում կատարեն։ Մենք որակի հետ կապված խնդիրներ ունենք։ Գիտությունը Հայաստանում զարգացնելու համար ֆինանսավորվող նախագծեր են պետք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ հոգեբաններ Հրանտ Ավանեսյանը և Ռուբեն Աղուզումցյանը դատական հայց են ներկայացրել ընդդեմ մեկ այլ հոգեբան Սամվել Խուդոյանի: Երկու հակադիր ճամբարներում հայտնված մասնագետների հակամարտությունը երկար պատմություն ունի: Սամվել Խուդոյանը Հրանտ Ավանեսյանին և Ռուբեն Աղուզումցյանին տարիներ շարունակ մեղադրել է գրագողության մեջ: Նրանք երկուսն էլ դիմել են դատարան՝ երկու առանձին հայցերով՝ ներկայացնելով «զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու, վիրավորանք համարվող արտահայտության համար ներողություն խնդրելու և վիրավորանքի ու զրպարտության համար վնասի փոխհատուցման» պահանջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները