Լապշինը ՀՀ ՊՆ-ին խնդրել է իրեն թույլ տալ այցելել սահմանային գոտի
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը չորրորդ անգամ Հայաստանում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այս այցը զուտ զբոսաշրջային բնույթ ունի։
«Ուզում եմ մեքենա վերցնել, շրջել ողջ երկրով, տեսնել այն, ինչը դեռ չեմ հասցրել։ Ես նաև հարցում եմ ուղարկել Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, խնդրել որպեսզի թույլ տան այցելել սահմանային գոտի, որ իմ բլոգում պատմեմ մարդկանց, գյուղերի մասին, որոնք Ադրբեջանի կրակոցների տակ են, մասնավորապես Նոյեմբերյանի շրջան ու մի քանի այլ վայրեր»,- ասաց բլոգերը՝ հույս հայտնելով, որ իրեն թույլ կտան։
Լապշինն ասաց, որ ուզում է լինել նաև Մեղրիում. «Սյունիքում երբեք չեմ եղել»։
Նա պատմեց, որ իր այցելած 140 երկրների շարքում Հայաստանը տարբերվում է թե իր բնությամբ, թե ճարտարապետությամբ, և շատ հետաքրքիր ժողովրդով:
Լապշինի խոսքով՝ այս անգամ նա Արցախում չի լինելու: Ըստ նրա՝ պատճառն այն չէ, որ գնալը վտանգավոր է, այլ որովհետև հիմա պահը հարմար չէ. այնտեղ սոցիալական բողոքներ են, և իր՝ Արցախում լինելու փաստը Ադրբեջանի իշխանությունները կարող են օգտագործել՝ հանրության ուշադրությունը շեղելու համար:
Ինչ վերաբերում է ընդդեմ Ադրբեջանի Եվրոպական դատարան ներկայացրած իր հայցին, նա ասաց. «Ադրբեջանը կոռուպցիոն և քաղաքական լծակներ էր փորձում օգտագործել դա թույլ չտալու համար, որովհտեև դա ուժեղ հարված կհասցնի նրանց, երբ դատարանը որոշում կայացնի Ադրբեջանի կողմից իմ սպանության փորձի մասով։ Ադրբեջանին դատարանի կողմից ուղարկվել են բոլոր փաստաթղթերը և տրամադրվել է 3 ամիս առարկություն տրամադրելու համար»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ այս անգամ Արցախ կայցելի՞, ինչին ի պատասխան ասաց, այս անգամ չի այցելի. «Չեմ կարծում, որ Ղարաբաղ այցը վտանգավոր է, ուղղակի գտնում եմ, որ հիմա ինձ պետք չէ դա անել՝ Ադրբեջանի ներքին քաղաքական իրավիճակի պատճառով։ Քանի որ այդ հանգամանքը, փաստը Ադրբեջանի իշխանություններին կարող է հնարավորություն տալ կրկին հանրության ուշադրությունը շեղելու իրական խնդիրներից»:
Լապշինի կարծիքով՝ Ադրբեջանի հասարակությունը հոգնել է ալիևյան դիկտատուրայից։
«Առաջիկա տարիներին Ադրբեջանում որոշակի փոփոխություններ կլինեն, մինչդեռ դժվար է ասել, դա Հայաստանի շահերից կբխի, թե ոչ: Ալիևը ինչպիսին էլ որ լինի, կանխատեսելիորնե նա վտանգավոր չէ Հայաստանի համար։ Նա կարող է վտանգավոր լինել ինձ համար, բայց նա վտանգավոր չէ Հայաստանի համար, նա հարմար է Ռուսաստանին: Այն մարդիկ, ովքեր նրան փոխարինելու կգան, նրանք ավելի շատ ոչ թե կլանի, այլ ժողովրդի հետաքրքրություններից ելնելով են գործելու ու անհասկանալի է, թե ինչ շրջադարձեր կլինեն», - ասաց Լապշինը։
Մեկ այլ հարցին, թե ինչ է կարծում՝ ադրբեջանական հանրությունը պատրա՞ստ է խաղաղության, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ ադրբեջանական հանրությունը պատրաստ է խաղաղության, բայց դրան պատրաստ չէ ադրբեջանական ղեկավարությունը, որովհետև Հայաստանի հետ խաղաղությունը կբերի Ալիևի անկմանը: Նրանք դա լավ հասկանում են, և այդ պատճառով կփորձեն հակամարտությունը ձգել սառը վիճակում այնքան, որքան հնարավոր է: Նրանց պետք է ոչ թե Հայաստանի հետ խաղաղություն, այլ թշնամու կերպար և իշխանության պահպանում ամեն գնով»։
Բլոգերը հավելեց, որ մինչև փետրվարի վերջ պատրաստվում է Հայաստանում մնալ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին