ԵԽԽՎ-ն մտահոգություն հայտնեց ՀՀ ընտրություններում տեղ գտած ատելության հռետորաբանության վերաբերյալ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի առաջին օրը վեհաժողովը շարունակեց առավոտյան մեկնարկած Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման արդյունքների քննարկումը։ Վեհաժողովը Հայաստանի խորհրդարանական, Վրաստանի նախագահական ընտրությունների քննարկումը համատեղ իրականացրեց։
Ֆրանսիացի պատգամավոր Դյուրանտոնը Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների զեկույցը, որը կազմել էր ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը, անվանեց ամբողջական ու հավասարակշռված։ Պատգամավորը մտահոգիչ համարեց ընտրությունների ցածր մասնակցությունը։
«Ընտրությունները լավ կազմակերպված էին՝ հիմնարար ազատությունների, ԶԼՄ-ների բազմակարծության հիմքով, սակայն մտահոգություններ կան ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում չափազանց ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ»,-ասաց Դյուրանտոնը՝ հավելելով, որ այս ընտրությունները հաջողված էին Հայաստանի ժողովրդավարության համար։
Սլովենիայի պատգամավոր Անդրեյ Շիրցելը, ով ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում էր, կարևորեց Հանրային հեռուստատեսությամբ 3 ժամ տևած դեբատը։
«Այնուամենայնիվ, ատելության հռետորաբանությունը քարոզարշավի ժամանակ նկատելի է եղել առցանց մեդիայի հատկապես մեկնաբանությունների բաժնում»,-ասաց պատգամավորը՝ եզրափակելով, որ ՀՀ ընտրություններն անցել են խաղաղ ու հանգիստ։
Իրենց ելույթերով բավական ակտիվ էին Ադրբեջանցի պատվիրակները, որոնք այս անգամ իրենց քննադատություններում թիրախավորել էին ոչ թե Հայաստանին, այլ ԵԽԽՎ-ին՝ նախկինում Հայաստանի վերաբերյալ դրական զեկույցներ կազմելու ու դրական ելույթներով հանդես գալու համար, անգամ կոչ անելով հստակ դիրքորոշում հայտնել Հայաստանի աջակիցների նկատմամբ։
Ադրբեջանցի պատգամավոր Ֆատալիևան էլ, «մտահոգվելով» հայ ժողովրդի համար, հույս հայտնեց, թե Հայաստանի նոր իշխանությունները կառաջնորդվեն միայն հայ ժողովրդի շահերով ու կնորմալացնեն հարաբերությունները Ադրբեջանի հետ, ինչը կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից։
Ադրբեջանցիների հուզական ելույթներին ի պատասխան ՀՀ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը նշեց, որ շատ ուրախ է տեսնել, թե ինչպես են Ադրբեջանի կոլեգաները հետևում Հայաստանում ժողովրդավարական զարացումներին ու Ադրբեջանին մաղթեց «թավշյա հեղափոխություն» այնքան շուտ, որքան հնարավոր է՝ իրենց իսկ բարօրության համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին