Գևորգ Մուրադյանը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
Այսօր Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդն այս տարվա անդրանիկ նիստն անցկացրեց, որի օրակարգում դրված է խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցը։
ԵՊՀ հոգաբարձունների խորհրդի անդամ, ԿԳ նախկին փոխնախարար, այժմ ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը առաջարկեց Գևորգ Մուրադյանի թեկնածությունը:
Հովհաննիսյանն անդրադարձավ նաև իր թեկանածության մասին շրջանառվող լուրերին՝ նշելով. «Վերջին շրջանում մամուլով շատ խոսակցություններ կային՝ իմ թեկնածության հետ կապված, դրա համար ես ինքս որոշեցի առաջարկել Գևորգ Մուրադյանի թեկնածությունը։ Մուրադյանը ԵՊՀ-ի սան է և գիտաշխատող։ Նրա թեկնածության առաջադրումը խորհրդանշական է այն իմաստով, որ մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ չկան նորեր և հներ և շեշտը դնում ենք պրոֆեսիոնալիզմի վրա»:
Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, իսկ հոգեբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց Արթուր Իսրայելյանը՝ 16 ձայն։ Քարտուղարի մյուս թեկնածուն Ամալյա Սողոմոնյանն էր, որը ստացավ 14 ձայն:
«Պետք է հասկանանք խնդիրների առաջնահերթությունը, պետք է հասկանալ ինչ պոտենցիալ ունի համալսարանը, իսկ բարեփոխումների հնարավորության դեպքում կարող ենք գումարային ավելի մեծ ներհոսք բերել դեպի ԵՊՀ, շատ ավելի լավ վարձատրել մեր դասախոսներին և միջազգային իմաստով բարձր կրթություն տալ մեր ուսանողներին»,- ելույթի իր խոսքում նշեց Մուրադյանը։
Նրա խոսքով՝ այս ամենի միավորման արդյունքում կստանան համակարգ, որը կբերի Մայր բուհի հեղինակության բարձրացմանը. «Իմ բոլոր գործողությունները միշտ ուղղված են լինելու ԵՊՀ շահին»։