ՎԶԵԲ նախագահը մարտին նախատեսում է այցելել Հայաստան
«ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և տնտեսական զարգացման օրակարգի համար՝ մասնավոր հատվածի մրցունակության խթանման, կապիտալ շուկաների զարգացման, կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման համակարգի բարելավման, քաղաքային լուսավորության և այլ ուղղություններով», - այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումանտրա Չակրաբարտիի հետ հանդիպմանը։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում փոքր և միջին բիզնեսի համար ծրագրերի իրականացումը և հավելել, որ ՀՀ կառավարության նպատակն է նոր թափ հաղորդել բիզնես ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը:
Սումանտրա Չակրաբարտին ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող նախագծերում ու բարեփոխումներում:
ՎԶԵԲ նախագահը նշել է, որ մարտ ամսին նախատեսում է այցելել Հայաստան` մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում քննարկելու Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունը, որում մեծ տեղ է հատկացվելու նաև ՓՄՁ-ների համար ծրագրերին: