Փաշինյան. Պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ
ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի մեկնարկից հինգ օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ժողովի մասնակիցներին ու հյուրերին։ Այն կառավարության պաշտոնական էջում հրապարկվել է հունվարի 21-ի ամսաթվով։
«ՀՅԴ-ն անցել է պատմական մեծ ուղի՝ հերոսական ու ողբերգական, երբեմն՝ հակասական ու վիճելի, երբեմն՝ միարժեքորեն իրավացի, հաճախ՝ հալածված, բայց միշտ կիսել է իր ժողովրդի ճակատագիրը։
Բացառիկ է Դաշնակցության դերը աշխարհասփյուռ հայության ազգային ինքնության պահպանման, գաղթօջախների կազմակերպման, հայկական կառույցների կայացման գործում։
Հայ Հեղափոխական Դաշնակցության վերադարձը, նրա վերընձյուղումը մայր հայրենիքում, ինչպես դուք եք ավելի ճշգրիտ բնորոշում, կարևոր իրադարձություն էր ոչ միայն կուսակցության, այլև ողջ հայության և հատկապես Հայատանի և Արցախի քաղաքական կյանքում։
Ընդհանուր ժողովին մաղթում եմ հաջող ընթացք, արդյունավետ աշխատանք, նաև իմաստուն ու հեռատես որոշումների ընդունում։ Ժողովի մասնակիցներին, ինչպես նաև Դաշնակցության ընտանիքի բոլոր անդամներին մաղթում եմ հաջողություններ՝ իրենց հայրենանվեր գործերում։
Իմ և Հայաստանի նորընտիր խորհրդարանի մեծամասնության անունից հայտարարում եմ, որ պատրաստ ենք համագործակցության ՀՅԴ-ի հետ։ Մենք նաև բաց ենք լինելու լինելու ձեր հնչեցրած առաջարկությունների և քննադատության հանդեպ։
Հուսով եմ, որ ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովից հետո Դաշնակցությունն իր անդամներին, համակիրներին և ողջ հայությանը կներկայանա ոչ միայն իր մեծ՝ 129-ամյա փորձով, հարուստ ավանդույթներով, այլև նոր լիցքերով, թարմ գաղափարներով և երիտասարդ ոգով։
Հաջողություն ձեր աշխատանքներին»,-ասված է ուղերձում։
Հիշեցնենք, որ ժողովի աշխատանքներն անցկացվում են Արցախում։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիր Հրանտ Մարգարյանն իր ելույթում խիստ քննադատության էր ենթարկել Փաշինյանի կառավարությանը, նա մասնավորապես նշել էր.
«Մենք համագործակցության ձեռք մեկնեցինք, բանակցությունների մեջ մտանք, Նիկոլ Փաշինյանի մակարդակով մեզ հավատացրին, որ հարգանքով են վերաբերում մեր կուսակցությանը, շատ լավ գիտակցում են, թե մենք ինչի համար և ինչ անելու համար ենք կոալիցիայի մաս կազմել։ Պայմանավորվեցիք հինգ հիմնական հարցերի շուրջ, թվում էր ամեն ինչ դեպի լավն է գնում, սակայն շատ կարճ ժամանակ հետո հասկացանք՝ ոչ հարգանք կա, ոչ պայմանավորվածությունների նկատմամբ հավատարմություն, ոչ էլ այլ տեսակետ լսելու հանդուրժողականություն»։
Հարակից հրապարակումներ`
- Ես Հրանտ Մարգարյանի տեղը մի քիչ ավելի զգույշ կլինեի քննադատության մեջ. Միքայել Զոլյան
- Հրանտ Մարգարյան. Արցախում ևս «սև ու սպիտակ»-ի բաժանում են ուզում մտցնել
- ՀՅԴ-ն ընդհանուր ժողովը կանցկացնի Արցախի ԱԺ շենքում