Արցախյան հակամարտության լուծումը վերևից պարտադրված չի կարող լինել. Ստյոպա Սաֆարյան
«ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի դավոսյան երեկվա հանդիպումը երկրորդական նշանակության իրադարձություն չէր։ Պետք է ի նկատի ունենալ մի կարևոր հանգամանք. 2015 թվականի վերջից բանակցային գործընթաց ուղղակի գոյություն չունի»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։
Նրա խոսքով, 2016 թվականից հետո կայացած հանդիպումները կարելի է անվանել հետէսկալացիոն ստաբիլիզացիայի քայլեր, ապրիլյան պատերազմին հաջորդած գործընթացներ, որոնց նպատակն էր տարածաշրջանը հետ բերել նախկին՝ ելման դիրքին։
Սաֆարյանի համոզմամբ, բանակցությունները փակուղի են մտել հակամարտող կողմերի՝ ծայրահեղ հակադիր դիրքորոշումների պատճառով։
«Պատահական չէ, որ այսօրվա իշխանությունների ընդդիմախոսները հարց են տալիս՝ արդյոք օրակարգից դուրս են եկել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որովհետև այդ խնդիրն իսկապես կա։ Այնպես չէ, որ դրանք օրակարգից անհետացել են, դրանք օրակարգ չեն բերվել, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը կես քայլ հետ են գնացել իրենց նախկին կարծր դիրքորոշումներից։ Կարելի է արձանագրել, որ համանախահագող երկրները օրակարգից հանել են երկու կողմերի համառությունը պայմանավորող օրակարգերը։ Այս իրավիճակում, երբ նախկին օրակարգերը սեղանից մի պահ հեռացվել են, այժմ կարելի է համարել, որ տեղի է ունենում կոնտակտների վերականգնում և հաստատում։
Առայժմ տեղի է ունենում հռետորաբանության շտկում, բանակցությունների բազում դետալների համաձայնեցում։ Չի գտնվի մի սթափ մարդ, որ չկարևորի բանակցությունների պահպանումը իրավիճակի կառավարման տեսանկյունից։ Փակել այդ պատուհանը, նշանակում է նվեր տալ Ալիևին, նրան զինել հարցը պատերազմով լուծելու հնարավոորւթյամբ»,- ասաց Սաֆարյանը։
Բանախոսի համոզմամբ, ՀՀ նոր իշխանությունները չպետք է թույլ տան խեղաթյուրելու ոչ միայն հակամարտության էությունը, այլ նաև բանակցային բուն գործընթացը։
Ստյոպա Սաֆարյանը միաժամանակ նկատեց՝ առայժմ վաղ է խոսել, որ մոտ ապագայում առարկայական բանակցություններ տեղի կունենան, սակայն ինքը համոզված է, որ բանակցային գործընթացի բավարար թափանցիկություն պետք է ապահովվի։
Նա անդրադարձավ նաև Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցին՝ նկատելով, որ հանուն արդարության պետք է հիշել՝ նախկին իշխանությունները քանիցս փորձ են արել լուծելու այս հարցը, սակայն՝ ապարդյուն։
«Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելն այն նվազագույնն է, որին Ադրբեջանն առարկել չի կարող։ Որքանով ՀՀ իշխանություններին կհաջողի հասնել դրան, հարց է։ Մի փոքր անհասկանալի կլինի, եթե ՀՀ վարչապետը գնա այլ ճանապարհով, քան այն, որ ինքը հայտարարել է։ Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում է՝ այս թեմայի ինչ հայտարարություն է արել նախկինում։ Հայաստանն Արցախի փոխարեն չի որոշում»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե Արցախից մտահոգություններ չեն հնչում, մենք ևս մտահոգվելու առիթ չունենք։
Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ վերջին օրերին տարածած հայտարարությունում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու դրույթը, բանախոսը շեշտեց՝ բոլորն էլ հասկանում են ասվածի ենթատեքստը. «Բանակցությունները չեն կարող արդյունք ունենալ, եթե Իլհամ Ալիևը հանդիպումներից հետո հայտարարում է, որ հակամարտության միակ ձևը պատերազմն է։ Լուծումը վերևից պարտադրված չի կարող լինել։ Որոշողն հասարակություններն են, որոշողն Արցախի ժողովուրդն է»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն Ալիևի գրկում․ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար պատրաստում են փաթեթային համաձայնագիր
- Փաշինյան-Ալիև հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ
- Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն
- ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան