Ծառուկյանի խոսնակը՝ Պասկևիչյանի ֆիլմի մասին. Հանրությանը թյուրիմացության մեջ գցողները պետք է պատասխանատվության ենթարկվեն
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տարածել է հայտարարություն երեկ Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված Տիգրան Պասկևիչյանի «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմում Ծառուկյանին վերաբերող հատվածի մասին։
Հայտարարության մեջ ասված է.
«Ֆիլմի դրվագներից մեկում ցուցադրված էր փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթղթերից մեկը, ըստ որի, իբրև թե, մարտի 1-ին իշխանությունների կողմից զինվորական հանդերձանք է հատկացվել նաև Գագիկ Ծառուկյանի թիկնազորին, և որն, իբրև թե, մասնակցություն է ունեցել մարտիմեկյան դեպքերին: Այն, որ այս տեղեկությունն իրականության հետ ոչ մի առնչություն չունի, բազմաթիվ անգամներ փաստել է անձամբ Գագիկ Ծառուկյանը: Եթե ֆիլմն իրականում փաստավավերագրական էր, ապա հեղինակները պարտավոր էին առնվազն ներկայացնել նաև երկրորդ կողմի կարծիքը, այլ ոչ թե ազգաբնակչության վճարած հարկերի հաշվին գործունեություն ծավալող Հանրային հեռուստաընկերությամբ բացարձակ ապատեղեկատվություն տարածել:
Ի դեպ, օրերս նույն փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը ևս, խոսելով այդ փաստաթղթի մասին, նշել է, որ առնվազն տարօրինակ է, որ այդ ցանկում նշված մի քանի տասնյակ անուններից հատկապես առանձնացվում է Գագիկ Ծառուկյանի անունը, ով միակն է, որը խոսել է այդ փաստաթղթի մասին և շեշտել, որ որևէ առնչություն չունի այդ իրադարձությունների հետ, այն դեպքում, երբ մյուսները պարզապես լռում են:
Այն, որ Գագիկ Ծառուկյանը միշտ եղել է ժողովրդի կողքին, այդ մասին դեռևս 2008 թվականի օգոստոսի 1-ի համարում գրել է անգամ ամենաընդդիմադիր «Հայկական Ժամանակ» օրաթերթը: Կից ներկայացվող նկարում դրանում կարող են համոզվել բոլորը:
Ինչևէ, սա պարզապես վկայում է այն մասին, որ ֆիլմում ներկայացված այդ դրվագը բացարձակ միակողմանի և իրականությունը չարտացոլող մեկնաբանություն է, որը անթույլատրելի է պետական միջոցներից սնվող հեռուստաընկերության համար, քանզի այն պարտավոր է համակողմանի և փաստարկված տեղեկություն տրամադրել հեռուստադիտողներին:
Իսկ Գագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել և հայտարարում է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն, իսկ մարդկանց վրա չհիմնավորված ցեխ շպրտողները, և ուղղորդված կեղծ տեղեկատվության միջոցով հանրությանը թյուրիմացության մեջ գցողներն էլ օրենքով սահմանված կարգով սուտ մատնության համար պետք է պատասխանատվության ենթարկվեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան