«Հրապարակ». Գաբայանը գումարը փոխանցել է «Իմ քայլ»-ին
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեվերջին ոչ միայն մարզպետներն են ուրախացրել իրենք իրենց և իրենց աշխատողներին, այլև նախարարությունների որոշ ստորաբաժանումներ։ «Հրապարակն» իր աղբյուրներից տեղեկացել էր, որ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը տարեվերջին 100-ից ավելի աշխատողի 150 տոկոս պարգևատրումներ է տվել՝ նույնիսկ ավելի մեծ չափով, քան մարզպետները։
Օրինակ, 100 հազար դրամ ստացող մասնագետի գլխին 150 հազար դրամանոց «երջանկություն» է ընկել, իսկ կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը մոտ 500 հազար է ստացել։ Ջրային կոմիտեից հայտնեցին, որ պարգևատրումներ եղել են, սակայն որևէ հակաօրինական գործողություն չի արվել։
«Օրենքով թույլատրվում է տարին 3 անգամ մեկական աշխատավարձի չափով խրախուսել։ Ջրայինում դա արել են տարեվերջին՝ խնայողությունների հաշվին»,- հաղորդում է Ջրկոմի հանրային կապերի պատասխանատուն։
Ջրային կոմիտեում պարգևատրումներ են ստացել կոմիտեի բոլոր՝ 70 աշխատողները։ «Տարվա ընթացքում երեք անգամ պետական հիմնարկներն իրավունք ունեն 1 դրույքի չափով խրախուսել աշխատողներին։ Ջրային կոմիտեում դա արել են մեկ անգամ՝ տարեվերջին, մեկուկես դրույքի չափով, այսինքն՝ 150 տոկոսով»,- ասված է կոմիտեի պատասխանում։
Կոմիտեից հաստատեցին, որ Ինեսա Գաբայանը ևս պարգևատրվել է, բայց պարգևավճարն ամբողջությամբ փոխանցել է բարեգործական նպատակներով։ Մեր տեղեկություններով, Ինեսա Գաբայանն իր պարգևավճարը փոխանցել է «Իմ քայլը» հիմնադրամին»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին