«Fake news»-երը Էբոլա վիրուսից արագ են տարածվում. Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում
Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է «fake news»-երի խնդիրը, որպես հանրային կարծիքը խեղաթյուրող և հանրությանը մանիպուլացնող վտանգավոր գործիքի։ Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, խոսելով «fake news»-երի մասին, հայտարարել է, որ կեղծ տեղեկատվությունը այսօր տարածվում է Էբոլա վիրուսից առավել մեծ արագությամբ և կոչ է արել ԵԽԽՎ մշակույթի և մեդիայի հանձնաժողովում ստեղծել աշխատանքային խումբ, որի օրակարգը լինելու է «fake news»-երի դեմ օրենսդրական և իրավական լուծումների մշակումը։
«Մենք պարտավոր ենք պաշտպանել քաղաքացու՝ անաչառ և ստույգ տեղեկատվություն ստանալու իրավունքը,- ասել է պատգամավորը։
Իր ելույթում Զոհրաբյանն ասել է, որ որպես նախկին լրագրող, որպես պատգամավոր և որպես քաղաքացի, այսօր քննարկվող խնդիրը համարում է ամենաակտուալ և հրատապ լուծում պահանջող հարցերից մեկը։
«Այո, մեդիա ազատությունը դեմոկրատական ընտրության հիմնական պայմաններից է։ Սակայն, պետք է ընդունենք, որ այսօր «ֆեյք» լրատվական ինդուստրիան կատաղի ձեռնոց է նետում պրոֆեսիոնալ մեդիային, ինչը տարածվում է «էբոլա» վիրուսից առավել մեծ արագությամբ։
Այսօր արդեն գործում են հսկայական «ֆեյք ինդուստրիաներ», որոնք ակտիվանում են հատկապես ընտրական փուլերում և մանիպուլացնում են հանրային կարծիքը։ ֆեյքային այս ինդուստրիան ստեղծում է ֆեյք իրականություն, որտեղ արդեն դժվար է տարանջատել իրական տեղեկատվությունը՝ ստից։ Ես կարծում եմ ժամանակն է, որ ԵԽ անդամ երկրների ազգային խորհրդարանները լրջորեն քննարկեն «fake news»-ի խնդիրը և փորձենք օրենսդրական լուծումներ գտնել ընդդեմ «ֆեյք ինդուստրիաների», որպեսզի ապահովենք քաղաքացու՝ օբյեկտիվ և ստույգ տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Գերմանիան վաղուց արդեն լուրջ և խիստ օրենսդրական լուծումների է գնում ինչպես «fake news»-երի, այնպես էլ սոցիալական ցանցերում ատելության խոսքի կանխարգելման համար։
Ընդամենը ամիսներ առաջ որպես քաղաքապետի թեկնածու, ես տեսել եմ, թե ինչ զարհուրելի չափերի կարող է հասնել սոցիալական մեդիայում ատելությունն ու անհանդուրժողականությունը:
Նոր մեդիամիջավայրում, որտեղ ապատեղեկատվության տարածումը, ֆեյք լրատվությունը, դարձել են մանիպուլատիվ լուրջ գործիքներ, սկսում է ձևավորվել ֆեյք իրականություն, ֆեյք օրակարգեր, ինչը հանգեցնում է տեղեկատվական անարխիայի։ Այսօր ԵԽ անդամ երկրներից յուրաքանչյուրում մեդիագրագիտությունը լուրջ խնդիր է և այստեղ կարևոր անելիք ունեն քաղաքացիական հասարակությունն ու Զանգվածային լրատվության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները։ Ես համաձայն եմ հարգարժան զեկուցողների հետ, որ «fake news»-ները կարող են էապես խեղաթյուրել հանրային կարծիքն ու ազդել ընտրական պրոցեսների վրա, ուստի պատահական չէ, որ այսօր սոցիալական տիրույթում «Ֆեյք-ինդուստրիաների» կատաղի պայքար է, որոնց վրա հսկայական ռեսուրսներ են ծախսվում։
Առաջարկս հստակ է՝ ԵԽԽՎ մշակույթի և մեդիայի հանձնաժողովում ստեղծել աշխատանքային խումբ, որի օրակարգը լինելու է «fake news»-երի դեմ օրենսդրական և իրավական լուծումների մշակումը։ Իսկ որպես Հայաստանի խորհրդարանի պատգամավոր և նախկին լրագրող, հայկական ոչ ֆեյք մեդիա դաշտի և այդ խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ սկսելու ենք քննարկումներ՝ ընդդեմ «ֆեյք-news»-երի, որպեսզի պաշտպանենք ազատ խոսքն ու ազատ մամուլը, ինչպես նաև, քաղաքացու՝ անաչառ և ստույգ տեղեկատվություն ստանալու իրավունքը»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին