Սեուլում կկայանա Սերգեյ Սմբատյանի և Կորեայի կամերային նվագախմբի համատեղ համերգը
Փետրվարի 1-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Կորեայի կամերային նվագախումբը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, համերգը կկայանա Սեուլի (Հարավային Կորեա) արվեստների կենտրոնի համերգասրահում։
Համերգային ծրագրում կհնչեն Էդվարդ Գրիգի, Պյոտր Չայկովսկու, Կեյկո Աբեի ստեղծագործություններից։ Որպես մենակատարներ հանդես կգան դաշնակահար Կյու Յեոն Կիմը, մարիմբայահար Մուն Կյանգ Հանը։
Սա Սերգեյ Սմբատյանի և Կորեայի կամերային նվագախմբի առաջին համագործակցությունը չէ։ Դիրիժորը և կոլեկտիվը համատեղ հանդես են եկել 2015թ. հունվարին, փետրվարին և նույն թվականի հոկտեմբերին՝ Կորեայի կամերային նվագախմբի 50-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայությունների շրջանակներում։ Ի դեպ, Սերգեյ Սմբատյանի և Կորեայի կամերային նվագախմբի վերջին համերգը կայացել է դասական երաժշտության կատարման համար աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում՝ Նյու Յորքի «Քարնեգի հոլում»։