Քաղաքապետարան. Թիվ 23 միկրոավտոբուսային երթուղու աշխատանքը վերցված է հսկողության տակ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի բնակիչները ստիպված են հարմարվել միայն հ. 23 երթուղու միկրոավտոբուսներով երթևեկելուն։ Իսկ դա, ինչպես նշել էին դժգոհող բնակիչները, նշանակում է երկար սպասել կանգառներում, երեկոյան ժամերին տուն հասնել տաքսիով, երեխաներին զրկել սպորտի ու այլ խմբակներ այցելելուց։
Panorama.am-ի՝ «Քաղաքապետի հետևողական չլինելը դատարկում է քաղաքացու գրպանը»
հրապարակումից հետո քաղաքապետարանին ուղղված հարցերին տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած պատասխանում որևէ խոսք չկա այն մասին, որ թաղամաս մեկ այլ երթուղի սպասարկող միկրոավտոբուս կամ ավտոբուս կմտնի։
Քաղաքապետարանից մանրամասնել են, որ Հաղթանակ թաղամասը սպասարկող ավտոբուսային հ.56 երթուղու աշխատանքի դադարեցումից հետո միկրոավտոբուսային հ.34 երթուղին փորձնական կարգով երկարացվել էր մինչև Հաղթանակ թաղամաս, սակայն կայուն ուղևորահոսքի բացակայության պատճառով երթուղին սպասարկող ընկերությունը հրաժարվել է թաղամասի սպասարկումից:
Ըստ քաղաքապետարանի ավտոբուսային հ.56 երթուղուց օգտվող՝ թաղամասի բնակիչների սպասարկման վիճակը բարելավելու նպատակով միկրոավտոբուսային հ.23 երթուղու ուղեգիծը երկարացվել է մինչև ավտոբուսային հ.56 երթուղու վերջնակետ։
«Ավելացվել է շարժակազմի քանակը և, ինչպես ցույց են տվել կատարված ուսումնասիրությունները, ներկայումս երթուղին սպասարկվում է միջինը 7-10 րոպե շարժման միջակայքերով՝ կախված օրվա ժամերից: Երթուղու աշխատանքը վերցված է հսկողության տակ:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի՝ միկրոավտոբուսային հ.23 երթուղին սպասարկող ընկերության հետ սերտ կապին, ապա այն չի համապատասխանում իրականությանը, մանավանդ եթե հաշվի առնենք, որ միկրոավտոբուսային հ.23 և հ.34 երթուղիները սպասարկում է նույն ընկերությունը՝ «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ-ն»,-նշել են քաղաքապետարանից։
Հսկողություն կիրականացնեն նաև բնակիչները, բայց մի տրանսպորտի հույսին մնալ չեն ցանկանում։ Նրանք պատրաստվում են խնդրով դիմել նաև կառավարության ղեկավարին, մարդու իրավունքների պաշտպանին, տրանսպորտի և կապի նախարարին, քաղաքապետին, մի խոսքով, ուր՝ պատահի։ Նամակներն էլ եթե անարձագանք մնան, ասացին՝ ճանապարհ կփակեն։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքապետի հետևողական չլինելը դատարկում է քաղաքացու գրպանը
- Նորմալ տրանսպորտ պահանջելով. Թիվ 34 միկրոավտոբուսը կմտնի Հաղթանակ թաղամաս