Աճել է հափշտակությունների թիվը. փաստաբան
«Հանցավորության աճ կա, և դրա մասին են խոսում պարբերաբար ներկայացվող ցուցանիշները»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբան Արմինե Ֆանյանը։
Նաև ասաց, որ մինչև համաներումը ևս հանցավորության աճ կար, բայց ընդունումից հետո առավել զգալի է, ինչը, ըստ փաստաբանի, պայմանավորված է ակտի լայն դաշտով. «Նախկինում ընդունված նման օրենքները այդքան լայն դաշտ չեն ընդգրկել, բայց այս դեպքում անգամ առավել վտանգավոր հանցագործություններ կատարած անձանց վրա այն տարածվեց։ Եթե պետությունը այդքան լայն դաշտ ընդգրկող ակտ է ընդունել, ապա պետք է համաներվածների վերասոցիալականացման խնդրով ևս զբաղվեին, քանի որ եթե այն անձը, որը որոշ ժամանակ աշխատանք է փնտրում ու չի գտնվում, կրկին բռնում է հանցավորության ճանապարհը։ Իսկ մեզ մոտ վերասոցիալականացման մեխանիզմներ դեռևս չեն մշակվել։ Ստացվում է, որ այդ մարդկանց մոտ կրկին անազատության մեջ հայտնվելու հավանականությունն ավելի շատ է»։
Ֆանյանի խոսքով՝ բացի համաներումից այլ հանգամանքներ ևս կան, որոնք կարող են ազդեցություն ունենալ հանցավորության աճի վրա. «Դրանց մեջ հիմնականը սոցիալական խնդիրներն են, ինչի մասին էլ վկայում է ավազակային հարձակման՝ մասնավորապես հափշտակության դեպքերի աճը»։
Անդրադառնալով փաստաբանների նկատմամբ հանրության վերաբերմունքին, Ֆանյանն ասաց. «Հանրային ճնշումներ կան և դա մեծապես պայմանավորված է փաստաբանների կողմից ստանձնած այն գործերի հետ, որոնց դեպքում հանրային շատ մեծ անհանդուրժողականություն կա։ Սա պայմանավորված է նաև փաստաբանի դերի, նշանակության թյուր ըմբռնմամբ։ Փաստաբանի նկատմամբ դրսևորվող ցանկացած անհանդուրժողականության խիստ բացասական ենք վերաբերում, գնահատում ենք որպես նահանջ իրավական պետության զարգացման ճանապարհին։ Փաստաբանը երբեք չպետք է նույնացվի իր պաշտպանյալի հետ, իսկ մենք տեսնում ենք, որ այդ բացասական վերաբերմունքը պայմանավորված է այն անձանց շրջանակով, ում պաշտպանությունը ստանձնել են»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին