Երեք ընկերություն նախատեսում է նոր ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում շարունակում է հանդիպումները տարբեր երկրների գործարարների և ներդրողների հետ: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ Արնե Սորենսոնի հետ քննարկել է մեր երկրում ընկերության գործունեության ընլդլայնման հնարավորությունները:
Արնե Սորենսոնը տեղեկացրել է, որ այժմ քննարկում են Հայաստանում «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանն ու արդյունքում նոր հյուրանոցների բացմանն ուղղված հարցեր: Ընկերության նախագահը կարևորել է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը միտված կառավարության քայլերը և համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն ծրագրերի արդյունավետ կյանքի կոչմանը:
«Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել հիմնադրամի կողմից իրականացվող ինչպես ընթացիկ ծրագրերին, այնպես էլ քննարկել նոր ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունները:
Կիրիլ Դմիտրիևը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել գյուղատնտեսության, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում ընթացիկ ծրագրերի ընթացքն ու հավելել, որ իր գլխավորած հիմնադրամը շարունակելու է Հայաստանում նորանոր նախագծերի կյանքի կոչման քաղաքականությունը: Նա շեշտել է, որ հաշվի առնելով Հայաստանում ստեղծված նոր հնարավորությունները` պատրաստվում են քայլեր ձեռնարկել իրենց միջազգային գործընկերներին մեր երկիր ներգրավելու ուղղությամբ:
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում ավիացիոն և այլ ոլորտներում նախատեսվող առաջիկա ներդրումային ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում նախատեսվող աշխատանքներին, «Հայփոստ»-ի հետագա կառավարմանն ու զարգացմանը, ինչպես նաև Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի հետ կապված ծրագրերին:
Հարակից հրապարակումներ`
- Ցյուրիխում գործարարների հետ քննարկվել է ՀՀ-ում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմանն ուղղված հարցեր
- Փաշինյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին