Պարգևավճարների գորդյան թնջուկը
Սա նորից դարձավ թեմա «հեղափոխականների» և ուրեմն «հակահեղափոխականների միջև»։ Մարզպետարաններն ու քաղաքապետարանը պարգևատրել են իրենք իրենց։
Պետությունը բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, հովիվին... հովիվ չունի էլ, իսկ պետական մարմինները իրենք իրենց պարգևատրում են։ Գուցե արժանի են պարգևի, բայց դրա համար կա օրենք ու ձև։ Վերադասը պիտի նկատի լավ աշխատանքը, հիմնավորի, ուենա լրացուցիչ բյուջե՝ բոլոր խնդիրներից դուրս, հետո նոր միայն հրաման տա լրացուցիչ վճարի, ու նոր միայն պարգևը տեղ հասնի։
Ու նույնիսկ այս դեպքում արժանի լինելը պիտի ակնհայտ լինի հանրության համար՝ չլինի «այր մը բարի ժպիտով», կամ՝ «ես չեմ վերցրել պարգևավճար, ուրեմն արժանի եմ»։
Ոմանք գրում են՝ իսկ որ խնայում է արել, հաշի՞վ չի։ Ոչ իհարկե, հաշիվ չի։ Որովհետև այլապես կստացվեր, որ գերածախս են արել։
Քանի պարգևավճարի ուրախությունը սոցցանցերը դարձնում են մեմեր, կառավարությունը պիտի անդրադարձ անի փաստին ու տուր թե կտաս... գոնե նկատողություն։ Հիշեցնենք՝ Մարզպետին պաշտոնի նշանակում և ազատում է ՀՀ Կառավարությունը։
Ու նշանակում է, որպեսզի. «Մարզպետն իր իրավասության սահմաններում իրականացնում է Կառավարության քաղաքականությունը ֆինանսների, քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության, տրանսպորտի և ճանապարհաշինության, գյուղատնտեսության և հողօգտագործման, կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, մշակույթի և սպորտի, բնության և շրջակա միջավայրի պահպանության, առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում»։
Տես, է, կարդացվում է ինչպես բանաստեղծություն։ ՈՒ հարց է ծագում՝ այս բոլոր հարցերը լուծվել են, պարգևի գումա՞ր է ավելացել։
Թե՞ հակառակը՝ տարվա ընթացքում բոլոր հարցերին չի ուշադրություն դարձվել, ու դրա համար չաշխատած ոլորտներից գումարի ավելցուկ է հայտնվել։
Ու ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիոն գործելաոճ։ Թնջուկը, որ կապել են մարզպետ-քաղաքապետը, կառավարական սրի կարիք ունի։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան