Մինչ այսօր կառավարությունից որևէ արձագանք չկա. Ելենա Աղաջանովա
«Մինչ այսօր կառավարությունից ոչ մի պաշտոնական արձագանք չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բժշկական համալսարանի 19-ամյա սպանված ուսանող Իոսիֆ Աղաջանովի ավագ քույրը՝ Ելենա Աղաջանովան։
Նա հիշեցրեց, որ իրենք կառավարության ներկայացուցչին նամակ են հանձնել՝ խնդրանքով հանդիպել վարչապետի հետ՝ նրանից հստակ դիրքորոշում լսել Իոսիֆ Աղաջանովի սպանության համար դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու ՀՀ վարչապետի և ՀՀ նախագահի հնարավոր որոշման մասին։
«Կառավարության ներկայացուցչին հանձնեցինք ստորագրությունների երկու փաթեթ, 1600 ստորագրություններ տարբեր բժշկական հաստատությունների բժիշկների և 3300 էլեկտրոնային ստորագրություն։ Ոչ ներման գործընթացի մասին, ոչ հանդիպման մասին ոչ մի արձագանք չկա։ Դիմել ենք նաև արդարադատության նախարարություն՝ պահանջելով մեզ տեղեկություն տալ ներման գործընթացի մասին, սակայն նախարարությունից ստացանք գրեթե ոչ մի բան չներկայացնղ պատասխան, ուղղակի օրենքների հղումներ, որ չեն կարող տրամադրել այդ ինֆորմացիան մեզ, մինչդեռ մեն հանդիսանում ենք տուժող կողմը»,- ասաց Աղաջանովան։
Նա նաև նշեց, որ անցած շաբաթ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը Մհեր Ենոքյանի կինը՝ Զարուհի Մեժլումյանն էր, իսկ հաղորդման վերջում Ղազարյանն ասել է, որ մյուս կողմին ևս ուզում է լսել. «Միայն այսօր առավոտյան մեր փաստաբան Ռուբեն Մելիքյանի միջոցով տեղեկացրեցին, որ հաջորդ շաբաթ մեզ ևս հրավիրում են Հանրային հեռուստաընկերություն»։
Ելենա Աղաջանովան հավելեց. «Մեզ ինֆորմացիա հասավ այն մասին, որ ցանցերում, թերթերում մարդասպանի գովազը, հերոսացումն է գնում։ Ամեն կերպ փորձում են հանրությանը հասցնել այն, որ նա անմեղ է, մինչդեռ կա դատարանի որոշում։ Այդ տարիների ընթացքում մենք չէինք ուզում մտնել դրա մեջ, հրապարակել մեր վիշտը։ Նաև շատ «հետաքրքիր» բաներ իմացանք մեր մասին, որ իբր մենք կապված ենք նարկոբիզնեսի հետ, մեծ ծանոթներով, փողերով այսքան տարի անմեղ մարդուն պահում ենք, որ մենք լուրջ ազդեցություն ունենք բոլոր երեք նախագահների վրա, որ իբր ունենք հրեական արմատներ ու դրանով ազդել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի կնոջ վրա և նա կարգադրել է, որ անմեղ մարդուն մահապատժի դատապարտեն։ Այս ամենը սուտ է, զրպարտություն և սրա համար դատի ենք տալու՝ պահանջելով պատիվ՝ Զարուհի Մեժլումյանից»։
«Մհեր Ենոքյանը պսիխոպատ է, մենք պահանջում ենք, որ նա դատահոգեբուժական փորձաքննության ենթարկվի։ Ես կարող եմ ասել, որ նրա կինը՝ Զարուհի Մեջլումյանը նույնպես նրա զոհն է»։
Լրագրողի հարցին, թե ի՞նչ հիմքով են պահանջում դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել Ենոքյանին, Աղաջանովան պատասխանեց, որ Ենոքյանի վարքագիծն է դրդում դիմել այդ քայլին. «Մենք չենք ներում Ենոքյանին, քանի որ նրան ներելը, սպառնալիք է ազգային անվտանգությանը»։
Կենսաքիմիկոս, բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս Միխայիլ Աղաջանով էլ հայտնեց, որ ինքը երկուսի համար էլ մահապատիժ է պահանել. «Իսկ թե ինչպես որոշեց դատարանը, արդեն ուրիշ գործ է։ Մեզ բացատրեցին, որ պետք է անպայման տարբերություն լինի կազմակերպչի ու կատարողի միջև։ Մհեր Ենոքյանին տվեցին մահապատիժ, Արամ Հարությունյանին՝ 15 տարի, մենք ընդունեցինք դա ու այդ վշտով ապրում էինք, ուղղակի զարմանում եմ, որ կան որոշ մարդիկ, որ ուզում են նրա ներումը»։
Հանդիպմանը ներկա փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ իր խոսքում նշեց, որ այսօր ասուլիսին ներկա է ոչ որպես փաստաբան, այլ ուղղակի Աղաջանովների ընտանիքի խնդրանքով. «Երկու շաբաթ առաջ հրապարակավ իմ պատրաստակամությունն եմ հայտնել աջակցություն ցույց տալ իրավապաշտպանական դիրքերից։ Իմ համար այս հանձնառությունը շատ պատվաբեր եմ համարում, քանի որ շատ կաևորում եմ այս հարցը»։
Մելիքյանը մի քանի իրավական դիրքորոշում ներկայացրեց, համաձայն որոնց, Մարդու իրավունքների ժամանակակից իրավունքը շատ հստակ ու տրամաբանական պահանջներ է պարունակում, որ ներման պրոցեսում նույնպես հաշվի առնվեն տուժողների շահերը՝ ծանրացող հանգամանքներով սպանությունների գործերով. «Այն մեկնաբանությունները, որոնք որ ներկայացնում են պաշտոնապես, որ որևէ տեղեկություն մեզ չեն տրամադրում իրավաբանական տեսանկյունից առնվազն անհասկանալի է։ Նման պրոցեսներում պարտադիր զոհի ընտանիքին ներառում են, փորձում են հասկանալ նրանց դիրքորոշումն ինչպիսին է, որ չլինի կրկնակի զոհացում»։
Ելենա Աղաջանովան վերջում ընդգծեց, որ ոչ մի քաղաքական հարց ու աստառ չկա այստեղ, բայց ամեն ինչ այսօր տարվում է դրան։
Հարակից հրապարակումներ`
- Խնդրում եմ տասը րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար. Միխայիլ Աղաջանովը՝ Փաշինյանին
- Գոնե Աղաջանովներին տեղեկացրեք
- Ելենա Աղաջանովա. Մենք պահանջում ենք, որ Փաշինյանը մեզ ընդունի
- Նոր Հայաստան, սեր ու համերաշխություն գոռալով արյունոտ ձեռքերը չեն մաքրվում. Միխայիլ Աղաջանով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան