Ապիտոնյանը կարևորել է ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մեկնարկը
Հայաստան՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) հայաստանյան գրասենյակի հրավերով Հայաստան այցելած Մոլդովայի ներքին գործերի նախարարության պետքարտուղար Միհայիլ Բերեգոյի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը։
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հյատնում են, որ հանդիպման նպատակն էր ծանոթանալ միգրացիոն ոլորտում Մոլդովա-ԵՄ համագործակցության, այդ թվում՝ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում մոլդովական կողմի կուտակած փորձառությանը, գործընթացի տարբեր փուլերում առաջ եկած հնարավոր խնդիրներին և դրանց լուծման գործնական եղանակներին։
Նախարարի տեղակալը կարևորել է ԵՄ հետ պատեհ ժամկետներում մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի հնարավոր մեկնարկը, որն ամրագրված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, ինչպես նաև Արևելյան գործընկերության Ռիգայի (2015թ.), Բրյուսելի (2017թ.) գագաթաժողովներում ընդունված Համատեղ հռչակագրերում, «Գործընկերության առաջնայնություններ» և Բրյուսելի գագաթաժողովի կողմից հավանության արժանացած «20 արդյունք մինչև 2020թ.» փաստաթղթերում և հանդիսանում է ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի կարևորագույն կետերից մեկը։
Արտակ Ապիտոնյանն ուշադրություն հրավիրել նաև վերոնշյալ երկխոսության մեկնարկի համար նախապայման հանդիսացող ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման համաձայնագրերի՝ ՀՀ կողմից արդյունավետ կիրարկման հանգամանքի վրա։
Հարակից հրապարակումներ`
- Վիզաների ազատականացման հարցում մենք կանենք մեզնից կախվածը. Գերմանիայի կանցլեր
- Մերկելին պետք է մեկ անգամ ևս հիշեցնել ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի և վիզաների ազատականացման նպատակի մասին. վերլուծաբան
- Վիզաների ազատականացման հարցն օրակարգային է ԱԳՆ համար