Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի ռեժիմ
Կառավարության որոշմամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար կսահմանվի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Որոշման ընդունումը կնպաստի Հայաստանում զբոսաշրջային ներհոսքի ավելացմանը, ինչպես նաև ներդրումների ներգրավմանը:
Որոշումն ընդունելուց հետո հայկական կողմը հայտագրերի միջոցով ՉԺՀ Հոնգկոնգ ՀՎՇ-ի հետ կհստակեցնի միմյանց տարածքներում իրենց քաղաքացիների գտնվելու թույլատրելի ժամկետները:
Ինչպես կառավարության նիստում նշել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի և Հայաստանի միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն, որ առանց արտոնագրերի մուտքի ռեժիմը կգործի 2019թ. մարտի 3-ից:
Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ արտաքին գործերի նախարարությունը համապատասխան ծանուցումը կուղարկի ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ այդ շրջանի քաղաքացիների համար սահմանելով Հայաստանում մնալու 180 օրյա ժամկետ: Իսկ ՀՀ քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում կարող են մնալ 30 օր:
Տիգրան Ավինյանը հետաքրքրվել է նաև նման արտոնյալ ռեժիմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ սահմանելու վերաբերյալ քննարկումների արդյունքներից: Զոհրաբ Մնացականյանը հայտնել է, որ ներկայումս նախարարությունում այդ հարցը համապարփակ դիտարկվում է:
«Կարծում եմ, որ տուրիզմի և գործարար կապերի զարգացման առումով սա նույնպես շատ կարևոր նախաձեռնություն է և, իհարկե, պետք է առաջ շարժվել ռիսկերի ճիշտ գնահատմամբ»,-ասել է Տիգրան Ավինյանը: