Panorama.am-ի հրապարակումից հետո նախարարն այցելել է մանկատուն
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը` երեխայի պատուհանից ընկնելու մասին Panorama.am-ի հրապարակումից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ու նախարարի խորհրդական Արայիկ Արշակյանն այցելել են մանկատուն:
«Մանկատանը ծանոթացա դեպքի մանրամասներին, հանդիպեցի տղայի հետ: Չնայած վնասվածքներին, առաջին բանը, որ տղան ուզեց, իր գնդակն էր:
Երեխաների ֆիզիկական անվտանգությունն իմ ուշադրության կենտրոնում է: Նման դեպքերը բացառելու համար առաջիկայում հանձնարարականներ կստանան բոլոր հաստատությունների ղեկավարները»,-գրել է նախարարը ֆեյսբուքյան իր էջում:
Ավելի վաղ նախարարության ֆեյսբուքյան էջում ներկայացրել էին դեպքի վերաբերյալ նախարարության պարզաբանումը` հիմնված մանկատան աշխատակիցների բացատրությունների վրա:
Դրա համաձայն, մանկատանը խնամվող 11-ամյա Ա. Ն.-ն դաստիարակի ուղեկցությամբ գնացել է զուգարան: Ուղեկցող դաստիարակը սպասել է, որ երեխան դուրս գա, բայց երեխան բացել է պատուհանը և ճաղավանդակների արանքից ընկել է ներքև:
«Տեղեկացնում ենք, որ երեխան ունի բավարար ինքնասպասարկման հմտություններ: Երեխան անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և անցել համապատասխան հետազոտություններ: Վնասվել են տղայի ոտքերը, իրականացվել է անհրաժեշտ օգնություն: Այս պահին երեխան մանկատանն է: Հարցը իրավապահների ուշադրության կենտրոնում է»,-նշում են նախարարությունից: