«Այո, շոու-բիզնեսը պետք է հարկվի, իրենք էլ դեմ չեն». Դավիթ Անանյան
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը չհերքեց այն տեղեկությունները, թե ՊԵԿ աշխատակիցները այցելում են ռեստորանային համալիրներ և կազմակերպություններ՝ հորդորելով սեփականատերերին, որ շոու բիզնեսի ներկայացուցիչներին սահմանված կարգով աշխատավարձ ձևակերպեն։
«Մեր աշխատակիցներն իրականացնում են ընթացիկ վերահսկողական մեխանիզմներ: Դրանք հորդորի տեսքով են լինում: Այո, մենք ուզում ենք, որ շոու-բիզնեսը հարկվի»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Դավիթ Անանյանը։
Նա նաև նշեց, որ իրենք շոու-բիզնեսից էլ են նման ազդակներ ստանում։
«Այո, իրենք էլ դեմ չեն, որ դա լինի։ Կարծում եմ՝ մոտակա ժամանակներում պետք է որոշակի քննարկումներ ունենանք և իրենց ուղղորդենք այն ճիշտ ճանապարհը, որ իրենք պետք է իրականացնեին դեռևս տարիներ առաջ։ Պետք է հանրային քննարկում ու փոխադարձ համաձայնություն ձեռք բերենք և ոչ միայն շոու-բիզնեսին: Մենք շոու բիզնեսին մատնանշեցինք, որ հարկերի հավաքագրման առումով մշակույթի գործիչները մեզ օգնեն»,- ընդգծեց Դավիթ Անանյանը։
Հարցին՝ ճիշտ են այն լուրերը, թե ՊԵԿ նախագահն ասել է՝ «Թաթան մերն է, իրեն ձեռք չեն տալիս», Դավիթ Անանյանը պատասխանեց․ «Թաթան, կարծում եմ, որ համազգային է, ոչ միայն մերն է, այլ բոլորինն է։ Բայց եթե դուք կարծում եք, որ ինքն արտոնյալ է մնացածների համեմատ՝ հարկեր վճարելու առումով, ասեմ՝ ոչ, այդպիսի հայտարարություն չի եղել ու չի կարող լինել: Ոչ մեկ արտոնյալ չեն»։