Արթուր Մեսչյան. 100 օրում ճաշակեցի և քեն, և ոխ
«Որոշ բաներ ստացվեցին, որոշ խնդիրներ առաջացան, բայց կարծում եմ, որ այս 100 օրը բավականին հետաքրքիր էր բոլորը տեսա, ինչպես ասում են` ճաշակեցի և քեն, և ոխ»,-ընթացող ասուլիսում հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։
Քաղաքաշինության ոլորտի 4200 գործ է վերանայվել, համաձայնեցվել է 300 նախագիծ, տրամադրվել է 170 շինթույլտվություն, 20 քանդման թույտվություն։
«Այն, ինչ վերաբերում է նախագծային բլոկին, ուրախ եմ, որ շատ ակտիվ ու բավականին դրական շարժում կա այս հարցում, դա նշանակում է, որ շատ շուտով Երևանում բավականին ակտիվ շինարարություն կսկսվի առանձնապես բնակելի ոլորտում»,-ասաց նա։
Գլխավոր ճարտարապետի խոսքով, իրենք ցանկանում են սկսել մետրոպոլիտենի նոր կայարանների շինարարության ծրագիրը, խոսքը Աջափնյակի երկու կայարանների մասին է։
Ստրատեգիական հաջորդ ծրագիրը ճոպանողուն է վերաբերում, որը Կենտրոնը կկապի Նոր Նորքի հետ։ Այս ծրագիրն ավելի արագ կստացվի իրագործել, քանի որ Մետրոպոլիտենի համեմատ ավելի համեստ միջոցներ են պետք։
«Խնդիրները շատ են, ծրագրերը շատ-շատ են, դրանք ռեալ են։ Կարծում եմ, որ մեզ կօգնի քաղաքաշինության նախարարությունը, կառավարությունը»,-նշեց նա։
Անդրադառնալով Օպերայի հարակից երկրորդ գոտու կանաչապատմանն ու սրճարաններից ազատելուն, Մեսչյանը նկատեց, սխալ մեկնաբանություններ կան, դա հասարակության պահանջն է եղել, ոչ թե իր կամ քաղաքապետի ծրագիրն է։
«Զարմանալի է, որ շատ մարդիկ փոխարեն ուրախանան այս ծրագրով, տարօրինակ մեկնաբանություններ են անում։ Ինձ համար դա անհասկանալի է, հատկապես, որ բիզնեսն էլ շատ չի տուժելու»,-ասաց նա՝ ավելացնելով, որ սրճարանների՝ մայթերին եղած հատվածները պետք է ազատվեն։
Մեսչյանը նկատեց, Օպերայի հարակից տարածքը տգեղ է, երբ նայում ես Մաշտոցի պողոտայից, դրանից մոտ ինը մետր հեռու արդեն շաուրմա պատրաստող կետի ծխնելույզից ծուխ է դուրս գալիս, «տղեքը միս են պատրաստում»։
Գլխավոր ճարտարապետը հույս ունի, սրճարանների սեփակատերերն իրենց կհասկանան, կըմբռնեն, որ դա ոչ թե իր ու քաղաքապետի, այլ հասարակության պահանջն է։
«Տարածքն ազատելն առաջին լուրջ քայլն է, հետո կլինեն հետաքրքիր զարգացումներ։ Ժամկետային առումով ոչինչ ասել չեմ կարող, խոսքը վերաբերում է ամբողջ հրապարակի վերակառուցմանը, ընդհուպ Օպերայի շենքի ճակատին նոր լուսավորության համակարգ տեղադրելուն»,-մանրամասնեց քաղաքապետարանի պաշտոնյան։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում