Ի՞նչ է կատարվում Վենեսուելայում. Վրաստանը ճանաչել է ինքնահռչակ նախագահին
Վրաստանը ճանաչել է Վենեսուելայի խորհրդարանի 35-ամյա խոսնակ Խուան Գուաիդոյին՝ որպես երկրի ժամանակավոր նախագահ։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին։ Այս մասին հայտնում է Sputnik-ը։
Նշենք, որ նախօրեին Գուաիդոն երկրում սկսված լայնամասշտաբ ցույցերի ֆոնին իրեն հայտարարեց երկրի ղեկավար։ Գուաիդոյին աջակցություն են հայտնել արդեն ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ։
2018թ.-ի մայիսի 20-ին Վենեսուելայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթող էր ճանաչվել Նիկոլաս Մադուրոն, որի դեմ բողոքի ակցիաներ էին անցկացվում։ Հաղորդվում է, որ չորեքշաբթի օրը բողոքի ակցիաների ժամանակ սպանվել է 13 մարդ, 200-ից ավելի մարդ ձերբակալվել է։
Ռուսաստանն աջակցություն է հայտնել գործող նախագահ Մադուրոյին։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Վենեսուելայի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը ցույց է տալիս, թե ինչպես է այն իրականում վերաբերում միջազգային իրավունքին, պետությունների ինքնիշխանությանն ու ներքին գործերին չմիջամտելուն։
ԱՄՆ-ի կողմից Խուան Գուաիդոյին որպես ժամանակավոր նախագահ ճանաչելու հայտարարությունից հետո նախագահ Մադուրոն հայտարարեց, որ խզում է հարաբերությունները ԱՄՆ-ի հետ ու ամերիկյան դիվանագետներին որպես անցանկալի անձ ճանաչեց ու հրահանգեց լքել երկիրը 72-ժամվա ընթացքում։ Բրազիլիան, Պերուն, Կոլումբիան ևս ճանաչել են Գուաիդոյին։
Սակայն, ըստ տեղեկությունների, ԱՄՆ-ը չի պատրաստվում իր դիվանագետներին դուրս բերել Վենեսուելայից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ իր աջակցությունն է հայտնել Մադուրոյին։ Մեքսիկան ևս աջակցում է Մադուրոյին։