Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակությունը կգլխավորի Մխիթար Հայրապետյանը
Այսօր Ազգային ժողովի Խորհրդի նիստում ձևավորվել է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում (Եվրանեսթ) Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը:
Այն կգլխավորի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
«Հպարտությամբ պետք է նշեմ, որ գլխավորելու եմ այս պատասխանատու առաքելություն իրականացնող պատվիրակությունը: Վստահ եմ, որ կուսակցական ընկերներիս և «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ներկայացնող իմ գործընկերների հետ մեզ կհաջողվի պատվով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային այս հարթակում»,- պատգամավորի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ նշել է Հայրապետյանը։
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության կազմում են նաև Արման Եղոյանը, Միքայել Զոլյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Էդգար Առաքելյանը, Կորյուն Մկրտչյանը, Գայանե Աբրահամյանը, Վահե Էնֆիաջյանը, Նորա Առուստամյանը և Տարոն Սիմոնյանը:
Եվրանեսթ Խորհրդարանական Վեհաժողովը Եվրոպական Միության և Արևելյան հարևանների միջև քաղաքական ասոցացումը նպաստելու ու տնտեսական ինտեգրումը խորացնելու նպատակով ստեղծված խորհրդարանական հարթակ է: Որպես պառլամենտական խորհրդատվության, վերահսկողության և մոնիտորինգի գծով պատասխանատու կառույց՝ Եվրանեսթը նպաստում է Արևելյան գործընկերության ամրապնդմանը և զարգացմանը: