Ջավախքը հույսեր է կապում
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը ուսումնասիրություն է հրապարակել՝ վերնագրելով այն «Երեք կարևոր քայլ ընդդեմ Ջավախքի թուրքացման»։ Հեղինակ Էդուարդ Այվազյանը հոդվածի առաջին մասում թվարկում է «թավշյա հեղափոխությունից» բխող այն պատճառները, որոնց հետ է ինքը կապում ջավախքհայության սպասելիքները։
Նախաբանից հետո նա գրում է.
«Բոլորին քաջ հայտնի է, որ Սամցխե-Ջավախքի բնակչության մեծ մասը կազմված է հայ ազգաբնակչությունից, որից հետո շրջանում մեծամասնություն են կազմում վրացիները: Թուրքիան ու Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ են ծախսում, որպեսզի իրականություն դարձնեն թուրք-մեսխեթցիների վերադարձը Սամցխե-Ջավախք և այս առումով նույնիսկ կարողացել են ազդել միջազգային հանրության վրա, որի առջև Վրաստանը պարտավորվել է ապահովել բոլոր պայմանները մեսխեթցիների վերադարձի համար: Տվյալ խնդրի դեմ Վրաստանը մնացել է մենակ ընդդեմ միջազգային պարտավորության և թուրքական աշխարհի: Եվ ճիշտ կլինի, որպեսզի հայկական կողմը խորապես ծանոթանալով այս հարցին իր աջակցության ձեռքը մեկնի եղբայրական Վրաստանին:
Պարզից պարզ է, որ եթե Ջավախքը հայաթափվի, Վրաստանը ի վիճակի չէ միայնակ լուծել շրջանի դեմոգրաֆիկ հարցը ի օգուտ իրեն: Ու այս առումով հայ ժողովուրդը հնարավորություն ունի օգտակար լինել Վրաստանին եթե իհարկե դրա համար ստեղծվեն բոլոր պայմանները:
Դրա համար նախ երկու հարևան պետությունները միասնական ջանքերով պետք է ամրապնդեն փոքրիկ այս շրջանի տնտեսությունը և հնարավորություն ստեղծեն նոր աշխատատեղերի համար:
Պետք է նորովի քննարկվի և վերջապես Սամցխե-Ջավախքի ադմինիստրատիվ կենտրոնում բացվի հայ-վրացական համատեղ համալսարանը, որը հնարավորություն կտա տեղի երիտասարդությանը պահել շրջանի ներսում ստեղծելով համապատասխան պայմաններ ապագայում նրանց ինտեգրելու և գործով ապահովելու համար:
Միայն այս դեպքում Ջավախքի երիտասարդությունը հրաշալի հնարավորություն կունենա հայ-վրացական քաղաք Ախալցխայում ավելի լավ կատարելագործել պետական լեզվի իմացությունը և արմատներով կապվել իր շրջանին: Դրանով Ջավախքի ադմինիստրատիվ կենտրոնը ոչ թե կշարունակի հայաթափվել իր տեղը զիջելով թուրքերին այլ կամրապնդվի երիտասարդության ներհոսքով Ջավախքի վերին շրջաններից:
Երկրորդը դա հայկական հյուպատոսության բացման կարևորությունն է Սամցխե-Ջավախքի ադմինիստրատիվ կենտրոնում, որը հնարավորություն կունենա ակտիվ կերպով ներգրավելու ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած ջավախքցիների խնդիրներով, ինչպես նաև կնպաստի շրջանում հայկական միջավայրի պահպանմանը:
Եվ երրորդ կարևորագույն հարցերից մեկն է այն, որ Սամցխե-Ջավախքում վերջապես ձևավորվի Հայ Առաքելական եկեղեցու առանձին թեմ: Թեմի ձևավորումը չափազանց մեծ նշանակություն ու ազդեցություն կունենա Ջավախքի հոգևոր զարգացման վրա, ինչպես նաև մարդկանց ավելի մոտ կպահի սեփական մշակույթին ու ավանդույթներին:
Չհաշված շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման մեծ կարևորությունը, որի զարգացման շուրջ առաջնային ուշադրությամբ պետք է զբաղվեն երկու երկրները, ահա այն երեք կարևոր և հիմնական ծրագրերը, որոնց իրականացման շուրջ վրացական կողմի հետ պարտավոր է բանակցել Հայաստանի նոր իշխանությունը: Հայաստանում ամեն րոպե պետք է հիշեն այն փաստը, որ Սամցխե-Ջավախքը հայերով բնակեցված այն դամբան է, որը պահում է Թուրքիան ու Ադրբեջանը իրար միանալուց: Եվ քանի այդ դամբան կա ուրեմն Հայաստանը հնարավորություն ունի Վրաստանի տարածքով հարաբերվելու արտաքին աշխարհի հետ, իսկ եթե այդ դամբը սկսի ճաքեր տալ ու մի օր փլվի իր հետ փոխելու է ամբողջ տարածաշրջանի դեմոգրաֆիկ ու քաղաքական քարտեզը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան