Քայլած ունենալու նուրբ արվեստը
Կամ՝ մի քայլ առաջ, քանի՞ քայլ ետ։
Երեկ հազիվ էի գրել, թե՝ մարզպետներին ինքնապարգևատրման հիմքերի փաստարկման կարիք կա, որովհետև շատ հեշտ է գումարներ «տնտեսել»՝ պարզապես դրանք չուղղորդելով անհրաժեշտ ոլորտներ ու մարզերում անհրաժեշտ կարիքների համար... պարզվեց՝ վարչապետը դեմ չէ նման պարգևատրումների։ Նա ընդամենը քաղաքացիների աչքին մեծ «թվացող» գումարը բաժանեց մարզպետարաններում աշխատողների թվին, ստացավ 50 հազար, և գտավ, որ 50 հազարը այն գումարը չէ, որի համար հանրությունը պիտի դժգոհի։
Երբ կարդում ենք, թե մարզպետարանը ինչ գործառույթներ ունեն ու որքան լուծելու խնդիր՝ սկսած մանկապարտեզ-դպրոցներից, որոնց տանիքները ու հատակը անտեր մնացած դարն ապրած շենքեր են հիշեցնում, առնվազն զարմանալի է, որ մարզպետները կարողացել են գումարներ ավելացնել տարին փակելուց առաջ։
Գուցե իրոք, խնդիրները վերջացել են, իսկ մենք չենք գնահատում նրանց աշխատանքը։
Այնուհետև Վարչապետից օրինակ վերցրեց ՊԵԿ նախագահը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ ՊԵԿ աշխատողների ստացած պարգևավճարները ԱՅՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ չեն, որ ներկայացվում ու քննարկվում է։ Այո, կա առձեռն վճարված պարգևավճար 1,5 մլն դրամ, բայց՝ «Այդպես եմ ուզել»:
Նման պարզաբանման դեպքում հարցերը, թե՝ ինչի դիմաց, ակնհայտորեն լրիվ ավելորդ են։
Այսօր նաև Երևանի գլխավոր ճարտարապետի «100 օրն» էր։ Ի թիվս ալյոց, Մեսչյանը նկատեց, որ Օպերայի հարակից տարածքը «տգեղ է, երբ նայում ես Մաշտոցի պողոտայից, դրանից մոտ ինը մետր հեռու արդեն շաուրմա պատրաստող կետի ծխնելույզից ծուխ է դուրս գալիս»։
Նա հույս հայտնեց, որ «սրճարանների սեփակատերերն իրենց կհասկանան, կըմբռնեն», որ դրանք քանդելու որոշումը ոչ թե իր ու քաղաքապետի, այլ «հասարակության պահանջն է»։
Հետաքրքիր է. Մի դեպքում հասարակության պահանջները՝ չվատնել գումարները՝ լինի դա տոնածառ, թե պարգևավճարներ, անտեսվում են, մյուս կողմից դատական գործընթաց սկսելու ու օրենքին հետևելու փոխարեն հենց «հասարակության պահանջն» են մեջբերում։
Միգուցե պետք չեն ռոմանտիկ մեջբերումներ, ասեք միանգամից՝ հանգիստ նստեք տեղներդ, այդպես ենք ուզում... ու անցեք «առաջ»։
Անահիտ Ոսկանյան