Դրոշմապիտակները կդառնան ավելի ամուր ու անվտանգ
Կառավարության այսօրվա նիստում, որը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, անդրադարձ եղավ Պետական եկամուտների կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրվող նոր դրոշմապիտակներին:
Նշենք, որ «Հայ ծնողների անկյուն» ֆեյսբուքյան խմբում ծնողները բարձրացրել էին հեղուկների տարաների վրա փակցրած դրոշմապիտակների հարցը, որն իսկական չարիք է դարձել երեխաների համար: Երեխաները ձեռքներն ընկած տուփի, շշերի վրայից պոկում են սոսինձով պատված դրոշմապիտակն ու կուլ տալիս: Այսօր լուծում է տրվում այդ խնդրին:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ևս հաստատեց, որ իսկապես դրոշմապիտակների հեշտ պոկվող ցելոֆանե հատվածը կարող է պատահարների առիթ դառնալ, և երեխաները կարող են կուլ տալ այն, ինչը վտանգ է շնչուղիների համար:
«Քննարկել ենք թեման վարչապետի հետ: Քննարկումներից հետո որոշվել է փոխել դրոշմապիտակների տեխնիկական պայմանները: Այդ ցելոֆանե պատյանի հաստությունը 50 միկրոնից իջեցվել է 36 միկրոնի, բացի այդ, սոսինձն էլ ավելի ամուր է փակցվելու և լինելու է ավելի բարակ»,- նշեց Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ արդեն ունեն մրցույթի արդյունքում հաղթած մատակարարի անունը, և քննարկման արդյունքում այլընտրանքային առաջարկներից ընտրեն ամենաօպտիմալ տարբերակը:
Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ նոր դրոշմապիտակներն անվտանգ են ու, «եթե երեխան նույնիսկ կուլ է տալիս, դրանք որևէ վտանգ չեն ներկայացնում»։