«Հրապարակ». ԵՄ-ն մտավախություն ունի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Եվրոպական Միությունը պատրաստվում է կառավարությանը կից բարձրաստիճան խորհրդատուների խորհուրդ ստեղծել` եվրոպական առաջատար մասնագետներից։ «Ըստ ամենայնի` ԵՄ-ն մտավախություն ունի, որ այսպես շարունակվելու դեպքում ՀՀ իշխանությունները ֆիասկո կգրանցեն ԵՄ-Հայաստան համաձայնագրի ժամանակին կյանքի կոչելու հարցում, որովհետև կոմպետենցիայի պակաս ունեն, և ջուրը կլցվի ողջ աշխատանքը` բարեփոխումների ընթացքի, նախատեսված պայմանավորվածությունների, ստանձնած պարտավորությունների մասով»,- ասաց կառավարության մեր աղբյուրը:
Իսկ գուցե իշխանությունը մտածվա՞ծ է դանդաղեցնում այդ ընթացքը, որովհետև շատ հարցերի հետ կապված` անհանգստություններ ունեն Ռուսաստանից։ «Չեմ բացառում, դա էլ կա, այնուհանդերձ, կարծում եմ` կառավարությունը վերջնական համաձայնություն հաստատ կտա, և խորհուրդը կգործի։ Ի դեպ, Տիգրան Սարգսյանի կառավարությանը կից նույնպես համանման փորձագետների խումբ էր գործում, բայց ո՛չ այսքան ներկայացուցչական․ նրանք նախապատրաստում էին ասոցացման համաձայնագիրը, սակայն երբ չստորագրվեց, թողեցին-գնացին։ Այս խորհրդի պլանկան շատ բարձր է»,- ասաց մեր աղբյուրը: