Հարված փաստաբանին, քաղաքացուն և բյուջեին
Արդեն երկու օր է շրջանառության մեջ է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախօրեին նախագծի հետ կապված իր տեսակետն էր հայտնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, մասնավորապես նշելով, որ նախագծով փաստաբանների, խորհրդատուների և հաշվապահների համար շրջանառության հարկի համակարգում աշխատելու սահմանափակումներ են նախատեսվել։ Նախագծի՝ փաստաբաններին վերաբերող փոփոխությունների հետ կապված Panorama.am-ը զրուցեց Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Հրանտ Անանյանի հետ։ Նրա կարծիքով, այն փուլ չեն հասել, որ անհրաժեշտ էր փաստաբաններին ծանրաբեռնել ավելացված արժեքի հարկով, բոլորին տեղափոխել շահութահարկի տիրույթ, արգելել աշխատել շրջանառության հարկով։
«Մեր տնտեսությունն այդ փուլում չէր գտնվում, որ այդ օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ էին ներկայումս մեր պետականաշինության գործում։ Բնականաբար, դա անդրադառնալու է նաև փաստաբանների կողմից մատուցվող ծառայությունների գնի վրա»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ ավելացված արժեքի հարկ վճարողը սպառողն է, անուղղակի հարկ է, վճարում է սպառողը. «Այլ կերպ ասած, բնականաբար, փաստաբաններն ասելու են՝ սա ծառայության արժեքն է, սա ավելացված արժեքի հարկը, Հայաստանի քաղաքացիներ վճարեք այն։ Ծառայությունները կթանկանան, մի շարք փաստաբաններ ի վիճակի չեն լինի աշխատել։ Դրանով պայմանավորված փաստաբանական շուկայում իրավիճակ կառաջանա. ովքեր մրցակցությանը, հարկային բեռին կդիմանան ու կկարողանան աշխատել, պահանջարկը կավելանա։ Պահանջարկն էլ կհանգեցնի նրան, որ միանշանակ էլի գնի թանկացում կառաջանա։ Քաղաքացիները չեն կարողանալու վճարել, դիմելու են Հանրային պաշտպանի գրասենյակ։ Արդյունքում՝ շրջանառության պակաս է լինելու։ Ավելի լավ է հարկը քիչ լինի, բոլորը վճարեն, քան շատ, բայց քչերը վճարեն»։
Հ. Անանյանի կարծիքով, նախքան փաստաբաններին հասնելը, տնտեսության մեջ այլ կարգավորումներ կարելի էր անել։ Նա ասաց, որ տնտեսությունն առողջացնելու համար անհրաժեշտ է նաև իրավական գործընթացների անարգելք իրականացում, փաստաբանական ծառայությունը թանկացնելով կարծես խոչընդոտում են այդ զարգացմանը։ Նրա խոսքով, փաստաբանները, իրավաբանական, փաստաբանական ծառայություններ մատուցող ընկերությունները միայն քրեական գործերով պաշտպանություն չեն իրականացնում, մի շարք պայմանագրեր են նախապատրաստում, տնտեսվարող սուբյեկտներին իրավաբանական օգնությունը հենց տնտեսվարող սուբյեկտների բնական գործունեության միջոց է։
«Նախաձեռնությունը սխալ է, առնվազն խիստ վաղաժամ է։ Պետք էր ամեն ինչ հիասքանչ լինել, նոր հասնել այդ փուլին՝ թանկացնեին փաստաբանական ծառայությունը»,- նշեց նա։
Հ. Անանյանն ընդգծեց, որ հարկային բեռը պետք է այնքան բարձրացվի, որ տնտեսվարողի վրա չզգացվի։ Նրա գնահատմամբ, առաջարկվող փոփոխությունները հարված են փաստաբանությանը, Հայաստանի քաղաքացիներին, հարված է այն իրավաբանական անձանց, ովքեր օգտվում են փաստաբանի ծառայություններից։
«Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեություն է, իրավունքի պաշտպանությունն է։ Պետությունը երկու խնդիր է ունենում՝ իրավունքի պաշտպանությանը լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելու տեսանկյունից, հարկային բեռը հարկ վճարող փաստաբաններին զրկելու է հնարավորությունից զբաղվելու փաստաբանական գործունեությամբ, հետևաբար՝ այսօրվա հարկը վճարելու հնարավորությունից։
Մենք ուզում ենք տնտեսությունը զարգանա, բայց պետք է զարգացման համապատասխան պայմաններ ստեղծել»,- ասաց Փաստաբանների պալատի խորհրդի անդամը։
Նա տեղեկացրեց, որ փոփոխությունների առնչությամբ որևէ հանրային քննարկում չի եղել, փաստաբաններն այս ամենին տեղեկացել են մամուլից։ Հունվարի 29-ին հրավիրելու են Փաստաբանների պալատի ակումբի նիստ, այս փոփոխությունների հետ կապված քննարկումներ են լինելու, նաև մշակվելու է հետագա մարտավարությունը, ընդհուպ կարող են բողոքի ակցիաներ անցկացնեն։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գնահատմամբ, հիմարություն, չպատճառաբանված, անտրամաբանական քայլ է փաստաբաններին ընդհանուր հարկման դաշտը բերելը։
«Այնպես չէ, որ փաստաբանական շուկայի հարկերը որոշիչ դեր են խաղալու։ Դա կբերի անհատ փաստաբանների շուկայից դուրս մղման։ Իմ կարծիքով, կարող է նախաձեռնողների մեջ լինեն նաև խոշոր փաստաբանական գրասենյակները, որոնք առանց այդ էլ աշխատում են ԱԱՀ-ով»,- նշեց փաստաբանը։
Նրա խոսքով, այդ փոփոխությունների պատճառով ազգաբնակչության համար փաստաբանական ծառայությունները կլինեն նվազ հասանելի, իսկ պետական բյուջե մուտքագրվող գումարը կամ չի փոխվի կամ կնվազի, կսկսեն թաքցնել։
Տ. Աթանեսյանն ասաց, որ ավելանալու են փաստաբանների ծախսերը, պետք է հաշվապահ վարձեն. «Շրջանառության հարկով աշխատելը հեշտ էր, ինչ ստացար, 5 տոկոսը տալիս ես պետությանը, այս դեպքում ծախսեր են առաջանում, պետք է վճարել հաշվապահին, ամեն փաստաբան չի կարող դա իրեն թույլ տալ։ Հատկապես սկսնակ փաստաբանների համար է ծանր բեռ լինելու»։
Փաստաբան Երվանդ Վարոսյանն այն համոզմունքն ունի, որ այս նախագիծը չի ընդունվելու։
«Ես կարծում եմ, որ դեռ պետք է բացահայտել, թե այս նախագիծը շրջանառության մեջ դնելն առհասարակ ինչ նպատակ ուներ։ Երեկ հետևում էի արձագանքներին, անգամ իշխանության ներկայացուցիչներն էին դեմ արտահայտվում այս նախագծին։ Նման պայմաններում ինձ համար անհասկանալի է դառնում՝ իսկ ո՞րն է այս շրջանառության կամ աղմուկի նպատակը։ Մեծ ակնկալիք ունեմ, որ գործող իշխանությունը մեզ, այնուամենայնիվ, կներկայացնի նախագծի իրական հեղինակ մարմնին, որն է շրջանառության մեջ դնելու նպատակը»,- ասաց նա։
Ե. Վարոսյանի գնահատմամբ, նախագիծն անիմաստ մի բան է. «Այն անձը, անձիք, ովքեր հեղինակել են, բացարձակ պատկերացում չունեն, թե ինչ ասել է փաստաբանություն, ինչ վիճակում է գտնվում փաստաբանական ծառայության մատուցման դաշտը»։
Փաստաբանն ասաց, որ վարչարարության խստացման փոխարեն նոր իշխանությունը շատ ավելի կարևոր գործառույթներ ունի անելու, որ տևական ժամանակ է չի իրականացնում։
«Եթե խոսքը գնում է փաստաբանության մասին, առավել քան բավարար ժամանակ կար, որպեսզի ծառացած ռեֆորմը փաստաբանական համակարգում ի վերջո կյանքի կոչվեր։ Այս ուղղությամբ որևէ ձեռնարկելիք քայլեր չենք տեսնում, փոխարենը տեսնում ենք իմաստազուրկ նախագծերի շրջանառության դնելու պրոցես, դրա շուրջ արհեստական աղմուկի պրոցես»,- ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը
- Կառավարությունն ամեն ինչ անում է հասարակությանը գրգռելու համար. Արա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին