Նախորդ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է 2.9%-ով
2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է հագուստի՝ 2.6%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 2.5%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի, կահույքի և կահավորանքի՝ 1.0%, խոշոր կենցաղային սարքերի, վառելանյութի և քսայուղերի՝ 0.5%, գրասենյակային պարագաների՝ 0.3%, կենցաղային և այգեգործական գործիքների 0.1% գնանկում:
Դրան զուգընթաց, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի գներն աճել են 0.1%-ով, մաքրող, լվացող միջոցների և բնակարանի խնամքի այլ պարագաներինը՝ 0.7%-ով, գորգերինը և հատակի ծածկերինը`0.8%-ով, ոսկերչական զարդերինը՝ 1.0%-ով, իսկ ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ինչ վերաբերում է վառելիքի գներին, 2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը նվազել է համապատասխանաբար 2.9% և 2.4%-ով: 2018թ. դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 6.1% և 20.4% գնաճ: