2018 թ-ի դեկտեմբերի գրանցվել է մրգի, բանջարեղենի, մսամթերքի, հացաբուլկեղենի գնաճ
2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.8% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 12.5% և 25.2% գնաճը: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համամձայն, բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 6.3% գնանկում, իսկ 2018թ. նոյեմբերի համեմատ՝ 25.2% գնաճ:
Մրգի ապրանքախմբում 2018թ. դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 10.0%, իսկ 2018թ. նոյեմբերի համեմատ՝ 12.5% գնաճ:
Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.36% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.8 տոկոսային կետով:
Վիճակագրության համաձայն մսամթերքի ապրանքախմբում էլ նախորդ տարվա դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 8.2%, իսկ 2018թ. նոյեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ:
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում էլ 2018թ. դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 3.1%, իսկ 2018թ. նոյեմբերի համեմատ՝ 0.6% գնաճ:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2018թ. դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 2.3% գնանկում, իսկ 2018թ. նոյեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ, ինչին մեծապես նպաստել է ձվի 1.3% գնաճը (վերջին 5 ամիսներին ձվի ընդհանուր գնաճը կազմել է 43.0%):
Ինչ վերաբերում է ձկնամթերքին, ապա նախորդ տարվա դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 5.4% գնաճ, իսկ 2018թ. նոյեմբերի համեմատ՝ 0.4% գնանկում:
2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է նաև հացաբուլկեղենի և ձավարեղենի 0.2% գնաճ, իսկ շաքարի և շաքարավազի, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբերում՝ 0.1% գնանկում: