2018 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 1.5% գնաճ
2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.5% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.8% գնաճով: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 3.4%-ով, ծառայությունների սակագները՝ 0.3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.4% գնանկում:
2018թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1%, ինչը 0.1%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված համապատասխան ցուցանիշից (0.2% հավելաճ):
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2018թ. դեկտեմբերին 2017թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.8%, այդ թվում, սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)` 101.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.2%, ծառայությունների սակագներինը` 100.8%, իսկ հունվար-դեկտեմբերին 2017թ. հունվար-դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 102.5%, 102.5%, 104.5% և 101.2%:
Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2018թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.1-1.7%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում արձանագրվել է սպառողական գների 1.6% հավելաճ: