Բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեզ համար առաջնահերթություն է. վարչապետ
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեզ համար առաջնահերթություն է»,- այս մասին այսօր Մոսկվայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանում կան մի շարք ներդրումային ծրագրեր տեխնոլոգիական ոլորտում, և հույս ունեն բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը:
«Իհարկե, թվային օրակարգը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը շատ կարևոր են Հայաստանի և ընդհանրապես Եվրասիական տնտեսական միության համար: Մենք Տիգրան Սարգսյանի հետ հենց դրա մասին էինք խոսում, ես իմ ելույթում ասացի՝ ապրանքների էլեկտրոնային վերահսկողությունը կհեշտացնի Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների տեղաշարժը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այսօր Եվրասիական տնտեսական տնտեսական հանձնաժողովն աշխատում է այդ ուղղությամբ:
Նա նաև ասաց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնել է՝ այս տարվա մայիսին ներկայացնեն ԵԱՏՄ թվային օրակարգի սխեման: