Վրաստանի ԱԳՆ. Աժիոտաժն անտեղի է
Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն Ախալքալակի Բուղաշեն գյուղում Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Միքայել Ավագայանի արձանի տեղադրման շուրջ Ադրբեջանի բարձրացրած աղմուկի վերաբերյալ:
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, վրացական ու ադրբեջանական կողմերը քննարկել են խնդրի վերաբերյալ հարցեր, նշվել է, որ երկու երկրների միջև չքննարկվող հարցեր չկան:
Նշվել է, որ հարցի շուրջ աժիոտաժն անտեղին է:
Հարցի հետ կապված Վրաստանում Ադրբեջանի դեսպանը հանդիպում է ունեցել ԱԳՆ-ում, միաժամանակ Ադրբեջանում Վրաստանի դեսպանն է կանչվել ԱԳ նախարարություն:
Հունվարի 20-ին, Բուղաշեն գյուղում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միքայել Ավագյանի հուշարձանի բացումը որոշ ԶԼՄ-ների և ինտերնետ օգտատերերի համար միջէթնիկ եկպառակություն առաջացնելու և Ջավախքի բնակիչներին անջատողականության մեջ մեղադրելու առիթ դարձավ։ Բուղաշենում նման արձագանքից զարմացած են:
«Ջավախք նյուզ»-ը գրում է, որ Բուղաշեն գյուղում Միքայել Ավագյանի հուշարձանը դեռ կանգնած էր նախորդ դարի 90-ական թվականներից, հին վթարային դպրոցի բակում: Հուշարձանի փոխարինման որոշումը ծագեց երբ հուշարձանը պատահաբար վնասվել էր:
Ողջ իրարանցումն սկսվեց ադրբեջանական ԶԼՄ-ներից, «Ջավախքից անջատողականների» մասին գրեցին ՝ «Կովկաս պլյուսը», «Minval.az»-ը, «Media.az»-ը: Հոդվածների վերնագրերը ինտրիգ են առաջացնում՝ ուշադրություն հրավիրելով. «Վրաց հողի վրա հայերը Սամցխե-Ջավախքում տեղադրել են անջատողական դահիճի հուշարձանը», «Ի պատիվ Խոջալիի անգութ մարդասպանի Վրաստանում հուշարձան է կանգնեցվել», «Վրաստանում հուշարձան են կանգնեցրել ղարաբաղյան պատերազմում զոհված հայ անջատողական-դահիճի հիշատակի համար»:
Ավելի մեծ արդյունավետության համար «վրդովված» ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին իրենց նյութերը վրացական ֆորումներում, խաղալով այնպիսի զգայուն թեմաներով, ինչպիսին Աբխազիայի հակամարտությունն է:
Այնուամենայնիվ, այս թեման միշտ էլ համարվում է արդիական՝ միջէթնիկ երկպառակություն բռնկելու եւ Ջավախեթիի բնակիչների վրա անջատողականի պիտակը կախելու համար: Այն դեպքում , երբ Թբիլիսիի կենտրոնում տեղակայվեց Հեյդար Ալիեւի հուշարձանը, որը ոչ մի կապ չունի Վրաստանի հետ, ոչ հայկական լրատվամիջոցները, ոչ էլ Հայաստանի բնակիչները, ոչ էլ վիրահայերը որեւէ մեկին չմեղադրեցին ինչ-որ մի բանում: Համագյուղացու հուշարձանը, որը տեղադրվել էր գյուղացիների կողմից, դարձավ մեծ դժգոհության առիթ:
Ադրբեջանցիների դժգոհությունն անգամ դուրս է գալիս ԶԼՄ-ների եւ ինտերնետ օգտատերերի սահմաններից: Հուշարձանի բացումը նաեւ քաղաքական հայտարարությունների պատճառ հանդիսացավ:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը ֆեյսբուքյան իր էջում վրդովմունք է հայտնել՝ Ջավախքում հուշարձանի բացման փաստի կապակցությամբ: