Ամենացանկալի մաղթանքն իմ կնոջից կուզեի լսել. Մանսուրյան
Հունվարի 27-ին լրանում է ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 80-ամյակը։ Հոբելյանական տարվա ու ստեղծագործական գործունեության մասին այսօր մաեստրոն խոսեց լրագրողների հետ հանդիպմանը։
«Հունվարի 27-ին Լոս Անջելեսի «Զիփեր հոլ» դահլիճում կլինի հոբելյանական տարվա առաջին համերգը, որի ընթացքում կհնչեն տարբեր տարիների իմ մի շարք գործերը, այդ թվում Չարենցի բանաստեղծություններով երգչախմբային կոնցերտը։ Համերգին մասնակցելու է աշխարհահռչակ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանը։ Հաջորդ համերգը կլինի հունվարի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, որի ընթացքում կհնչեն իմ կամերային ստեղծագործությունները»,- ասաց Մանսուրյանը։
Մարտ ամսին ևս երկու համերգային ծրագիր կլինի։
Խոսելով հոբելյանի, հյուրերի ու հարազատների մասին՝ արտիստն ասաց. «Երկու քույրերս են արդեն ժամանել Հայաստան՝ Արաքսն ու Սոնան, այսօր էլ աղջիկս է գալիս Լոս Անջելեսից։ Հիմա մի տեսակ խառը ժամանակ է ու ինքս ինձ հետևելու, հաշիվ տալու ժամանակը դեռ չի գոյացել։ Հունվարի 27-ին կլինի ընտանեկան հավաք, ոչ օֆիցիալ, ներկա կլինեն իմ հարազատներն ու տարիների ընկերները։ Ես կարևորություն չեմ տալիս տոնական օրերին, երբեք թույլ չեմ տալիս իմ վրա իշխող դեր ունենան, սթափ եմ, աշխատանքի հանդեպ երբեք իմ սթափությունը չեմ կորցնում»։
Իսկ թե այդ օրն ամենացանկալի մաղթանքն ումից կուզեր լսել, Մանսուրյանն ասաց. «Սենտիմենտալ կարող է հնչել, բայց կուզեի լսել իմ կնոջից, որը չկա»։
Մանսուրյանի ամենակարևոր նպատակներից է մեկը Ներսես Շնորհալու աղոթքների շարքի հետ կապված իր աշխատանքն ավարտին հասցնելն է. «Իմ պարտքն է հաջորդ սերնդին այդ աշխատանքային ծրագիրը փոխանցելը։ Իսկ երազանքներ ունեի, որ այդպես էլ մնացին անկատար։ Երբ մարդը գիտի լատիներեն, նա ուրիշ մարդ է, ուրիշ մտածողության տեր։ Այ սա մնաց անկատար։ Շատ եմ ցավում, որ օտար լեզվի չտիրապետեցի»։
Ւսկ թե ինչպես է սովորել հաղթահարել դժվարությունները, ասաց. «Պարտվել իմանալ է պետք։ Ես տասը տարի տվել եմ ֆոլքներին, այնպես ինչպես ինքն է ինձ սովորեցրել իմանալ պարտվել, ոչ ոք չի սովորեցրել։ Պետք է կարողանալ պարտվել՝ հանուն հիմնականի, դա է ուժ տալիս մարդուն»։
Լրագրողների հարցին, թե ունի՞ այսօր իր արժանի շարունակողները, մաեստրոն պատասխանեց՝ իհարկե. «Ես շատ սիրում եմ Արթուր Ավանեսովին։ Նա, ցավոք սրտի, մեր միջավայրին ծանոթ չէ։ Ինձ էլ չէին ճանաչի, չէի լինի այսքան հանրաճանաչ, եթե իմ ֆելմերի երաժշտությունները չլինեին։ Ես էլ կլինեի Արթուրի կամ շատերի պես, որոնք լուրջ ստեղծագործություններ ունեն, բայց շատ քչերը գիտեն իրենց»։