ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին՝ ապահովել 2008-ի մարտի գործերով հետաքննությունների ժամանակ Կոնվենցիայի պահպանումը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում նախօրեին ընդունվեց Վեհաժողովի մոնիտորինգային ընթացակարգերի ու դրանց ժամանակավոր վերանայման մասին բանաձև, որի զեկուցողն էր բրիտանացի պատգամավոր Ռոջեր Գեյլը։
Բանաձևում վեհաժողովը դիտարկում է ԵԽԽՎ մոնիտորինգի տակ գտնվող երկրների առաջընթացը 2018թ.-ին ու մի շարք գնահատականներ է տրվում երկրների կատարած առաջընթացին։
Վեհաժողովը ողջունում է տեղի ունեցած առաջընթացը երկրներում, նշում մարտահրավերները կամ մտահոգություն հայտնում՝ ներկայացնելով կոնկրետ առաջարկություններ։
Վեհաժողովը ողջունում է Հայաստանում իշխանության խաղաղ փոփոխության կարողությունը՝ նոր Սահմանադրության դրույթներին համապատասխան։
Վեհաժողովը նաև կոչ է անում մոնիտորինգի տակ գտնվող երկրներին՝ ջանքեր գործադրել՝ անդամակցության պարտավորությունների ամբողջական իրականացման ու պոստմոնիտորինգային ընթացակարգին անցնելու համար։
Վեհաժողովն այս համատեքստում Հայաստանի իշխանություններին, արդեն իսկ տեղի ունեցած համընդհանուր ընտրություններից հետո, կոչ է անում վերսկսել բարեփոխումները հիմնական ոլորտներում, ինչպիսիք են ընտանեկան բռնության դեմ պայքարի կամ ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման դեմ պայքարի օրենսդրության ընդունումը։
Վեհաժողովը կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել, որ բոլոր քրեական հետաքննությունները, ներառյալ 2008 թ. մարտին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին և կոռուպցիոն մեղադրանքներին վերաբերող, տեղի ունենան օրենքի գերակայության, դատական անկախության ու արդար դատավարության սկզբունքներին խիստ համապատասխան, ինչպես սահմանված է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայում։
ԵԽԽՎ ընդհանուր մոնիտորինգի տակ են գտնվում 10 երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մոլդովա, Ռուսաստան, Սերբիա, Թուրքիա և Ուկրաինա։ Եվս 3 երկիր գտնվում է հետմոնիտորինգային գործընթացում, որոնք են Բուլղարիան, Մոնտենեգրոն և Մակեդոնիան։
Նշենք, որ բանաձևն ընդունվել է 62 կողմ, 11 դեմ և 3 ձեռնպահ ձայներով։ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ձեռնպահ է քվեարկել, Հովհաննես Իգիթյանն ու Էդմոն Մարուքյանը կողմ։ Հիմնական անդամներից Նաիրա Զոհրաբյանը չի մասնակցել քվեարկությանը։