Մատենադարանի այս տարվա առաջին ձեռագրական համալրումը
Մետրոպոլիտեն թանգարանում ավարտված «Հայաստան» ցուցահանդեսի նմուշները վերադարձնելու առիթով Նյու Յորքում գտնվող Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը և գիտաշխատող Արսեն Հարությունյանը հունվարի 19-ին հանդիպել են Նյու Ջերսիի բնակիչ Էլեն Ֆելտենին, որն իր հայազգի հորը և պապին պատկանած 17-րդ դարի մի ձեռագիր նվիրել է Մատենադարանին։ Այս մասին նշված է Մատենադրանի ֆեյսբուքյան էջում։
Մինչ այդ հանդիպումը, Էլեն Ֆելտենը ձեռագրի վերաբերյալ տվյալներ իմանալու նպատակով դիմել էր Նյու Ջերսիի Ս. Ղևոնդյանց եկեղեցու սարկավագ Արման Գալստյանին, որն այդ խնդրանքը՝ մի քանի էջի լուսանկարներով փոխանցել էր Մատենադարանի փոխտնօրենին։ Շուտով Էլեն Ֆելտենին տեղեկացվել է, որ ձեռագիրը պատկանում է «Գուշակողականք» կոչվող ժողովածուների շարքին (Ռամգիրք), որի այլ օրինակներ կան Մատենադարանի հավաքածուում։ Նաև առաջարկվել է օգտագործել հունվարին Կ. Մաթևոսյանի դեպի Նյու Յորք նախատեսված այցը, տեղում ձեռագիրը տեսնելու և ըստ հնարավորության լրացուցիչ տեղեկություններ ճշտելու համար։
Հանդիպման ժամանակ գտնվել է ձեռագրի հիշատակարանը, որտեղ նշված է գրչության 1665 թվականը և Սաֆար գրիչի անունը։ Ձեռագրի տիրոջն ասվել է, որ այն քայքայված վիճակում է և անհապաղ «բուժման» ու վերականգնման կարիք ունի, որը կարելի է անել Մատենադարանում։ Զրույցի ընթացքում Էլեն Ֆելտենը կողմոնորոշվել է ձեռագրի պահպանության ու խնամքի ամենահարմար վայրի հարցում և ասել է, որ իր տոհմին պատկանած այդ մատյանը նվիրում է Մատենադարանին։ Նույն բանը նա հաստատել է նվիրագրով։
Հունվարի 23-ին Նյու Յորքի ցուցահանդեսին մասնակցած Մատենադարանի առաջին խմբի 11 ձեռագրերի հետ Հայաստան է եկել նաև Էլեն Ֆելտենի նվիրած «հայրենադարձ» մատյանը, որը հանձնվելու է վերականգնման, տրվեու է ուսումնասիրողներին։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Մինասյանի դուստրը Մատենադարանին նվիրեց հոր արժեքավոր գրքերը
- Լոնդոնաբնակ դոկտոր Վրեժ Ներսեսյանը Մատենադարանին է նվիրաբերել ձեռագրեր
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան