Նիկոլ Փաշինյան. Հայաստանում ու Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները նման չեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների ու Վենեսուելայում տիրող իրավիճակի միջև ոչ մի կապ չի տեսնում։ Մոսկվայում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց, թե Վենեսուելայի շուրջ իրադարձություններում Ռուսաստանն աջակցում է նախագահ Մադուրոյին, իսկ մեր հարևան Վրաստանն ու մի շարք եվրոպական երկրներ Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոյին, ով իրեն հայտարարել է նախագահ։
Արդյո՞ք վարչապետը ինչ-որ ասոցիացիաներ տեսնում է Հայաստանում իր կողմից իրականացրած հեղափոխության ու Վենեսուելայի իրադարձությունների միջև ու ում է աջակցում Հայաստանը։ Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ ոչ մի ընդհանրություն չի կարող լինել ըստ փաստերի, քանի որ, բարեբախտաբար, մեզ մոտ չեն եղել զոհեր։ Երկրորդ, Հայաստանում տեղի ունեցած ողջ գործընթացը 100 տոկոսով համապատասխանում էր օրենսդրությանն ու Սահմանադրությանը։
«Սակայն ինչ տեղի է ունենում Վենեսուելայում, անկեղծ ասած, առաջին հայացքից այնքան էլ պարզ չէ, թե ինչպես են այդ իրադարձությունները համապատասխանում Սահմանադրությանը։ Ես դա չեմ կարող ասել։ Առաջին տպավորությունն այն է, որ այնտեղ ամեն ինչ չէ, որ գնում է Սահմանադրության տրամաբանությամբ։ Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունը ոչ մի հայտարարություն չի արել ու մենք հետևում ենք զարգացումներին։ Այստեղ առանցքային դեր պետք է կատարի Վենեսուելայի քաղաքացիների ձայնը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, 2018թ.-ի մայիսի 20-ին Վենեսուելայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթող էր ճանաչվել Նիկոլաս Մադուրոն, որի դեմ բողոքի ակցիաներ էին անցկացվում ։ Հունվարի 23-ին Խուան Գուաիդոյին երկրում սկսված լայնամասշտաբ ցույցերի ֆոնին իրեն հայտարարեց երկրի ժամանակավոր նախագահ։ Գուաիդոյին աջակցություն են հայտնել արդեն ԱՄՆ-ը, Եվրամիությունն ու Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ իր աջակցությունն է հայտնել Մադուրոյին։ Մեքսիկան ևս աջակցում է Մադուրոյին։
Ըստ տեղեկությունների, բողոքի ակցիաների ժամանակ սպանվել է 13 մարդ, 200-ից ավելի մարդ ձերբակալվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին