Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացվել է Փարաջանովի ժառանգությունը
Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում նախօրեին Արմինիուս եկեղեցում կայացել է «Կինոյի տաճար» ծրագրի շնորհանդեսը և Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում չընդգրկված հատվածների նորարական ձևաչափով ցուցադրությունը։
«Կինոյի տաճար» ծրագրի և վերջինիս շրջանակներում Փարաջանովի, ինչպես նաև Ռուբեն Գևորգյանցի և Մարիա Սահակյանի ֆիլմերի ցուցադրությունների կազմակերպման, հայ դասական և ժամանակակից կինոյի մասին «Կինոմատենադարանի ճանապարհին» սիմպոզիում-կոնֆերանսին մասնակցել են Կինոմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ ծրագրի շնորհանդեսի բացմանը հանդես գալով ողջույնի խոսքով՝ Շուշանիկ Միրզախանյանը խորհրդանշական է համարել «Նռան գույնը» ֆիլմի հիմնական մոնտաժում չընդգրկված, մեծ ջանքերի շնորհիվ պահպանված և վերականգնված հատվածների ցուցադրությունը հենց Ռոտերդամում անցկացման հնարավորությունը, քանի որ հայ անվանի ռեժիսորն առաջին անգամ մեկնել է արտերկիր 30 տարի առաջ՝ Ռոտերդամի միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով։
Հատկանշական է նաև այն, որ ֆիլմի հատվածների ցուցադրությունը համընկնում է ևս մի քանի տարեդարձերի՝ Փարաջանովի 95-ամյակի, «Նռան գույնը» ֆիլմի արտադրության 50-ամյակի և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին
- Սերգեյ Փարաջանովի ֆիլմերը երեք ամիս կցուցադրվեն Ստամբուլի «Պերա» թանգարանում
- Փարաջանովի ծննդյան օրն է