Զբոսաշրջության ոլորտը մեր առաջնահերթություններից է. Տիգրան Խաչատրյան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է զբոսաշրջության ոլորտում համատեղ ծրագրերը և համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում։
Նախարարությունից հայտնում են, որ Խաչատրյանը Ասիական զարգացման բանկի վենչուրային գծով խորհրդատու Կլաուս Ֆելսինջերի հետ քննարկել է զբոսաշրջային տեղեկատվական հարթակ ստեղծելու հեռանկարը։
Տիգրան Խաչատրյանը նշել է․ «Զբոսաշրջության ոլորտը մեր առաջնահերթություններից է և տնտեսական գործունեության այնպիսի տեսակն է, որտեղ օգուտներն առավել ներառականորեն բաշխվում են բոլոր դերակատարների միջև»։
Նա նշել է, որ զբոսաշրջության ոլորտում տեխնոլոգիական, նորարարական մոտեցումները կարող են բարձրացնել ոլորտի մրցունակությունը, մատուցվող ծառայությունների որակը և մատչելիությունը:
Քննարկվել են նաև զբոսաշրջային տեղեկատվության բովանդակությանն առնչվող խնդիրները, ինչպես նաև Armenia.Travel կայքին վերաբերող հարցեր։